12:19 | 08.08.17 | Նորություններ | 8914

aCLUB-ը եւ Nest-ը չեն մեկնաբանում հնարավոր միավորման մասին լուրը

Օրերս տեղեկություններ էին տարածվել, որ կուտակային քարտի ծառայություններ առաջարկող aCLUB եւ Nest ընկերությունները միավորվում են:

Itel.am-ը տեղեկությունը ճշտելու նպատակով կապ էր հաստատել aCLUB եւ Nest ընկերությունների հետ, որոնք հրաժարվել են մեկնաբանել այն: Nest-ում, սակայն, ընդգծել են, որ երկու ընկերությունների միջեւ հանդիպումներ եւ փորձի փոխանակում կայացել է:

NEST բոնուսային համակարգը թույլ է տալիս կուտակել բոնուսներ մեքենայի այն ծախսերից, որոնք հաճախորդը, միեւնույն է, կատարում է՝ առանց որեւիցե հավելյալ գործողության եւ ծախսի: Կուտակած բոնուսային միավորները թույլ են տալիս նվազեցնել կամ անվճար դարձնել մեքենայի պարտադիր վճարները եւ այլ ծախսերը: Վճարումներ կատարելիս անհրաժեշտ է ներկայացնել NEST քարտը, որը տրամադրվում է անվճար:

aCLUB միասնական կուտակային քարտը հնարավորություն է տալիս «aCLUB ակումբ»-ի գործընկեր հանդիսացող ժամանցի վայրերի եւ սպասարկման կետերի ծառայություններից օգտվելով՝ կատարած վճարումների դիմաց կուտակել միավորներ եւ օգտագործել դրանք հետագայում:

«Աշխարհում լայն տարածում ունեցող էլեկտրոնային քարտերը դեռեւս ամբողջությամբ կիրառության մեջ չեն մեր երկրում։ aCLUB-ը հնարավորություն է ընձեռում միավորներ կուտակել ծախսված ամեն 20 դրամի դիմաց, իսկ միավորներն օգտագործել ըստ ցանկության՝ որպես վճարմանը փոխարինող միջոց կամ ստանալ այլ պարգեւներ։ Քարտը մեր ակումբին՝ aCLUB-ին միանալու նույնականացման քարտն է, ինչը գործիք է ակումբի անդամներին խրախուսելու եւ պարգեւատրելու համար»,- 2016-ին Itel.am-ի հետ զրույցում նշել էր ընկերության համահիմնադիր, գործադիր տնօրեն Արամ Տիրատուրյանը: