11:47 | 13.09.16 | Հոդվածներ | exclusive 17320

aCLUB քարտը սպասարկման ոլորտն ավելի հասանելի կդարձնի

Վերջերս գործարկված aCLUB միասնական կուտակային քարտը հնարավորություն է տալիս «aCLUB ակումբ»-ի գործընկեր հանդիսացող ժամանցի վայրերի եւ սպասարկման կետերի ծառայություններից օգտվելով՝ կատարած վճարումների դիմաց կուտակել միավորներ եւ օգտագործել դրանք հետագայում:

Itel.am-ի հետ զրույցում ընկերության համահիմնադիր, գործադիր տնօրեն Արամ Տիրատուրյանը նշել է, որ aCLUB ակումբն այս պահին ունի շուրջ 10 հազ. անդամ, աշխատում են ավելի քան 50 ընկերությունների հետ։

Նրա խոսքով՝ քարտն իր բնույթով եզակի է Հայաստանում:

«Աշխարհում լայն տարածում ունեցող էլեկտրոնային քարտերը դեռեւս ամբողջությամբ կիրառության մեջ չեն մեր երկրում։ aCLUB-ը հնարավորություն է ընձեռում միավորներ կուտակել ծախսված ամեն 20 դրամի դիմաց, իսկ միավորներն օգտագործել ըստ ցանկության՝ որպես վճարմանը փոխարինող միջոց կամ ստանալ այլ պարգեւներ։ Քարտը մեր ակումբին՝ aCLUB-ին միանալու նույնականացման քարտն է, ինչը գործիք է ակումբի անդամներին խրախուսելու եւ պարգեւատրելու համար»,- նշել է նա:

Արամ Տիրատուրյանի խոսքով՝ իրենց նպատակն է գնորդների համար առավել հաճելի միջավայրի ստեղծումը:

«Գաղտնիք չէ, որ Հայաստանում սպասարկման ոլորտն ունի զարգացման կարիք, լավ սպասարկվելը դեռեւս մեր հասարակության համար լայն քննարկման առարկա է, ինչը նշանակում է, որ քիչ չեն այն սպառողները, որոնք վճարում են, բայց իրենց վճարածի դիմաց լիարժեք ուրախ չեն լինում։ Մրցակցային ներկայիս պայմաններում վճարի դիմաց որակյալ եւ մատչելի ապրանք կամ ծառայություն տալը վաղուց բավարար պայման չէ գնորդի պահանջները բավարարելու համար, անհրաժեշտ է հատուկ մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին, որպեսզի նա շարունակի օգտվել այդ ծառայությունից կամ ապրանքատեսակից։ Հենց այս նպատակին հասնելու համար է, որ աշխարհում լայն կիրառություն ունի լոյալության համակարգը։ Այսինքն, հաճախորդը ստանում է ոչ միայն այն, ինչի համար վճարել է, այլեւ պարգեւատրվում է այն բանի համար, որ ընտրել է հենց այդ ապրանքը կամ ծառայությունը»,- ասել է նա:
 
Ակումբի թիրախում բոլոր չափահասներն են:

«Մենք կարծում ենք, որ խրախուսել պետք է բոլորին։ Յուրաքանչյուրի հետ անհատական մոտեցման արդյունքում հնարավոր է լինում բացահայտել կոնկրետ հատկանիշներ ու հենց այդ հատկանիշների համար էլ խրախուսել։ Դրա համար է, որ ստեղծեցինք էլեկտրոնային aPass քարտերը, այսինքն նպատակ ունենք մեծացնելու մեր լսարանը։ Զուգահեռ մեծացնում ենք այն ոլորտները, որտեղ մարդիկ խրախուսվում են»,- պարզաբանել է ընկերության գործադիր տնօրենը:

Թիմը բաղկացած է 5 հոգուց, սակայն, Արամ Տիրատուրյանի խոսքով, ակումբի յուրաքանչյուր անդամ իր հերթին նպաստում է ակումբի զարգացմանը։

«Յուրաքանչյուր գնորդ, որը մեր ակումբի անդամ է, մասնաբաժին ունի մեր թիմում այն պարզ պատճառով, որ ստանում է շոշափելի արդյունք։ Այսինքն, ամեն կատարած գնման դիմաց ստանում է խրախուսական միավոր, որն էլ նույն պահին կարող է ծախսել։ Շատ կարեւոր ենք համարում այն հանգամանքը, որ միավորներն ակումբի անդամները ստանում են հենց գնման պահին եւ դրանք նույն պահին էլ հասանելի են օգտագործման»,- ընդգծել է aCLUB-ի համահիմնադիրը:
 
Նա հավելել է, որ շուտով կավելացվի ակումբին միանալու մի քանի նոր տարբերակ:

Նարինե Դանեղյան