15:45 | 23.05.18 | Նորություններ | 7528

Վարչապետ. ՏՏ-ն ջախջախում է անհնարինության պատնեշները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «ՏՏ ոլորտը համարում է անհնարինության պատնեշները ջախջախելու առաջամարտիկ»:

Այս մասին վարչապետն ասել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 18-րդ տարեկան համաժողովի բացման ժամանակ՝ ընդգծելով, որ ոլորտն ունի կառավարության լիակատար աջակցությունը:

Նիկոլ Փաշինյանը ՏՏ-ն բնորոշել է որպես գործիք, որն «ընդլայնում է հնարավորինի եւ նեղացնում անհնարինի սահմանները»:  

«Հայաստանում այս ժամանակաշրջանի ամենակարեւոր առանձնահատկությունը հենց դա է՝ անհնարը մեզ համար գնալով ավելի ու ավելի հնարավոր է դառնում, եւ հնարավորի սահմաններն ավելի ու ավելի են ընդլայնվում եւ սա վերաբերում է բոլոր ոլորտներին: Կարծում եմ, որ սա մեր ընթացիկ շրջանի ամենակարեւոր գաղափարական խնդիրն է, որովհետեւ ՀՀ-ն ու մեր ժողովուրդը, ըստ էության, երկար տարիներ արգելակվել է անհնարինություն վերնագրված պատնեշներով»,- հայտարարել է վարչապետը:

Համաժողովին մասնակցում են ԻՏՁՄ անդամ կազմակերպությունները եւ ՏՏ ոլորտի այլ առաջատար ընկերություններ, կրթական հաստատությունների եւ պետական գերատեսչությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: