12:34 | 22.05.18 | Նորություններ | 3960

Microsoft-ն արհեստական բանականության լուծում մշակող ընկերություն է գնել

Microsoft-ը ձեռք է բերել Semantik Machines ընկերությունը, որը մշակում է արհեստական բանականության (ԱԲ) լուծումներ, որոնք կարող են հասկանալ մարդկային խոսքը եւ բնական զրույց վարել:

Գործարքի ֆինանսական կողմը չի բացահայտվում, սակայն նշվում է, որ դրա արդյունքում ձեռք է բերվել ինչպես ընկերության տեխնոլոգիան, այնպես էլ թիմը:

Semantik Machines-ի թիմի կազմում են Siri-ի նախկին գլխավոր գիտնական Լարրի Գիլլիքը եւ հետազոտող Փերսի Լայնգը, որն օգնել է Google Assistant-ի ստեղծման ժամանակ:

Semantik Machines-ի մշակած լուծումն օգնում է հասկանալ բարդ հրահանգները, որոնց արդյունքում, օրինակ, Cortana օգնականը կդառնա ավելի խելացի եւ կկարողանա ավելի շատ առաջադրանքներ իրականացնել՝ ավելի քիչ բառեր լսելով: Համակարգը նաեւ կսովորի օգտագործողների վարքագծին համապատասխան:

VentureBeat-ի հետ զրույցում Microsoft-ի ԱԲ հետազոտությունների խմբի գլխավոր տեխնոլոգիական ղեկավար Դավիթ Կուն նշել է, որ Semantic Machines-ի տեխնոլոգիան կներդրվի Microsoft-ի մի շարք ծառայություններում, այդ թվում՝ Azure Bot Service-ը, Microsoft Cognitive Services-ը եւ այլն:

Գործարքը Microsoft-ին հնարավորություն կտա մրցակցել այլ բրենդների ձայնային օգնականների, օրինակ Google Assistant-ի եւ Samsung-ի Bixby 2.0-ի հետ: