15:37 | 17.05.18 | Նորություններ | 17937

«Թումո»-ն ու ԿԳՆ-ն համատեղ ծրագիր են մեկնարկել

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը եւ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը նախաձեռնել են «Նոր սերնդի կրթություն» համատեղ ծրագիրը:

«Թումո»-ում նշել են, որ այն քննարկումների բաց ֆորում է, որը յուրաքանչյուր կազմակերպության եւ շահագրգիռ անձի համար հնարավորություն կստեղծի` ներկայացնելու ու քննարկելու կրթությանը վերաբերող նոր նախաձեռնություններ ու գաղափարներ, ինչպես նաեւ կհամակարգի նախագծերի հավաքակազմ եւ ճանապարհային քարտեզ՝ միտված բարձրորակ, մատչելի կրթական համակարգի ձեւավորմանը:

Ծրագրի առաջին բաց քննարկումը տեղի կունենա մայիսի 26-ին՝ ժամը 12:00-ին, «Թումո»-ում:

Հարթակը ներառական է եւ կողմնորոշված դեպի կիրառելի արդյունքների մշակում: Այն համախմբելու է անհատների ու կազմակերպությունների ամբողջ ազգային սպեկտրից եւ շեշտը հատկապես կդնի կրթական համակարգից դուրս մասնագետների հետ հաղորդակցման վրա` խթանելով նոր լուծումների հայտնաբերումը:

Հարթակի աշխատանքներում կներգրավվեն նաեւ միջազգային հեղինակավոր մասնագետներ՝ իրենց տեսակետներն արտահայտելու գործընթացի ու կրթության զարգացման հնարավոր ուղղությունների մասին:

«Թումո»-ում մենք հավատում ենք, որ մեր երկրում բոլորը կարող են ստանալ լավագույն կրթությունն աշխարհում։ Կառավարության նոր թիմի հետ շփումները ցույց տվեցին, որ այդ նպատակի իրականացումը ավելի մոտ է, քան երբեւէ: Ունենալով համապատասխան փորձառություն եւ ռեսուրսներ` մենք անցնում ենք գործի»,- ասել է Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազեանը: