11:58 | 12.02.18 | Նորություններ | 4371

Հայաստանը ՏՏ ոլորտում աճի մեծ պոտենցիալ ունի, ասել է նախարարը

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ասել է, որ ՏՏ ոլորտում Հայաստանն աճի մեծ պոտենցիալ ունի, եւ պետք է աշխատել բարձրարժեք տեխնոլոգիական լուծումների վրա:

Այս մասին նախարարն ասել է անգլիական Emerging-europe.com-ին տված հարցազրույցում:

«Որպես արդյունք՝ մեր նպատակը պիտի լինի բարձրացնել արդյունավետությունը եւ մատակարարել հաճախորդներին թիրախավորված լուծումներ. սա առաջիկա տարիների համար պիտի լինի մեր հիմնական ռազմավարությունը։ Դա այնքան էլ հեշտ չէ` հաշվի առնելով, որ ՏՏ շրջանառության 70 տոկոսը գոյանում է գլոբալ շուկային ծառայություններ մատուցելու արդյունքում, ինչն էլ նշանակում է, որ մակրոտնտեսական գործոնները շատ կարեւոր են հայաստանյան ՏՏ ոլորտի համար»,- ասել է նախարարը։

Հոդվածում նշվում է, որ 2010-2016 թթ. ՏՏ ոլորտի շրջանառությունն աճել է 5 անգամ եւ հասել $510 մլն-ի։ Միաժամանակ, ՏՏ ընկերությունների թիվը նույն ժամանակահատվածի ընթացքում աճել է 3 անգամ։

«Երկրում, որտեղ ապրում է 2,9 մլն մարդ, կա 60 համալսարան, որից 15-ի տեխնոլոգիական ֆակուլտետներն ու բաժինները բավական ուժեղ են։ 2014-2015 ակադեմիական տարում տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիական մասնագիտացումներով 10 000 ուսանող է եղել, որը ընդհանուր ուսանողների թվի 11,7%-ն է»,- նշվում է հոդվածում։

«Միջինում յուրաքանչյուր ազգում 6-8 տոկոսն են տեխնիկական մտածողությամբ ու ունակություններով ծնվում, մենք պիտի կարողանանք օգտագործել այդ պոտենցիալն ամբողջությամբ։ Պիտի կարողանանք մեր կրթության որակը դարձնել ավելի լավը, քան երբեւէ, որովհետեւ միայն կրթված մարդիկ են կարող խթանել հավակնոտ նախագծերն ու ծրագրերը։ Պիտի կարողանանք օգտագործել հայկական սփյուռքի պոտենցիալը»,- ասել է նախարարը։