17:07 | 29.06.17 | Նորություններ | 42301

Սիլիկոնյան հովտում քննարկվել է Հայաստանի հետ գործակցության խորացումը

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը հունիսի 23-24-ը Սիլիկոնյան հովտում հանդիպումներ է ունեցել ՏՏ ոլորտում առաջատար դիրքեր զբաղեցնող ընկերությունների հետ:

Քննարկվել են Հայաստանի հետ արհեստական բանականության, քվանտային համակարգերի եւ կիբերանվտանգության ուղղություններում համագործակցությունն ընդլայնելու ուղիները:  

Nvidia ընկերություն կատարած այցի ու նրա ղեկավարության հետ հանդիպման ընթացքում դեսպանը ծանոթացել է ընկերության նորագույն արտադրանքին, որտեղ հիմնական շեշտը դրվում է արհեստական բանականության ու ինքնակառավարվող մեքենաների վրա:

Accenture Liquid Studio ընկերությունում էլ Գրիգոր Հովհաննիսյանին ներկայացվել են ՏՏ ոլորտի ընկերությունների հետ իրենց աշխատանքի հիմնական առանձնահատկությունները եւ ցուցադրվել մի շարք նորարարություններ:

Դեսպանը հանդիպումներ է ունեցել նաեւ Սիլիկոնյան հովտում աշխատող մի շարք հայ մասնագետների հետ, ներկա գտնվել Synopsys ընկերության ու Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից կազմակերպված քննարկմանը:
 
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի կողմից Սիլիկոնյան հովտում աշխատող հայկական ՏՏ ընկերություններին աջակցություն ցուցաբերելու մեխանիզմների մշակման, ինչպես նաեւ Սիլիկոնյան հովտի հայ մասնագետների կողմից Հայաստանում պարբերաբար վերապատրաստման դասընթացներ անցկացնելու հարցերը։