12:20 | 16.06.17 | Նորություններ | 2856

«911 ՍՕՍ» հավելվածը կօգնի կարիքավոր մարդկանց՝ արտակարգ իրավիճակներում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը Android եւ iOS համակարգերի համար գործարկել է «911 ՍՕՍ» անվճար հավելվածը, որը նախատեսված է կարիքավոր մարդկանց համար՝ դժվարին պայմաններում 911 ահազանգելու:

ԱԻՆ-ում նշել են, որ համակարգը հատկապես օգտակար է շարժական խնդիրներ ունեցող օգտատերերի, արտակարգ իրավիճակում հայտնված եւ տեսնելու, խոսելու կամ լսելու հնարավորությունը կորցրած քաղաքացիների համար, որոնք ահազանգ կատարելու համար կարող են պարզապես հպվել հավելվածի «ՍՕՍ» կոճակին, որից հետո ահազանգը կգրանցվի ԱԻ նախարարության համապատասխան ծառայությունում:

Հավելվածը ներառում է հետադարձ կապ հաստատելու հնարավորություն, ինչը թույլ է տալիս 911 օպերատորներին ավելի ճշգրիտ եւ ծավալուն տեղեկատվություն ձեռք բերել պատահարի վերաբերյալ՝ ստեղծված իրավիճակին համապատասխան արձագանքում կազմակերպելու նպատակով:

«911 ՍՕՍ»-ն ընձեռում է թիրախային իրազեկման հնարավորություն, որի շնորհիվ գրանցված բոլոր բաժանորդները կարող են միաժամանակյա տեղեկություն ստանալ տվյալ գոտում գրացված պատահարի եւ անհրաժեշտ վարքականոնների ու գործողությունների վերաբերյալ:

Հավելվածը նախատեսում է նաեւ տեղեկատվության զետեղման տիրույթներ, որտեղ կարելի է մուտքագրել, օրինակ, բաժանորդի առողջական վիճակի բնութագրերը՝ հիվանդության առանձնահատկությունները, արգելված ու տվյալ պահին օգտագործվող դեղորայքը եւ այլն: