11:54 | 26.05.17 | Նորություններ | exclusive 9078

Accelerate2030-ն ընդունում է հայտեր հայաստանյան ստարտափներից

Կայուն բիզնես մոդել, սեփական համայնքի համար արժեքներ ստեղծող եւ միջազգային շուկային ներկայանալու պատրաստ հայաստանյան ստարտափները 16 այլ երկրների ստարտափների հետ միասին կարող են մասնակցել Accelerate2030 նախաձեռնությանը:

Impact Hub-ի եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կազմակերպած նախաձեռնությանը դիմելու վերջնաժամկետը հունիսի 2-ն է: Դիմում-հայտը հասանելի է այստեղ:

Ընտրված նախաձեռնությունները կմիանան մեկշաբաթյա ճամբարին (bootcamp) եւ կմասնակցեն հոկտեմբերին Ժնեւում կայանալիք ՄԱԶԾ-ի Սոցիալական նպատակների գագաթաժողովին (Social Good Summit): Նրանք հնարավորություն կստանան առաջարկել իրենց լուծումները Կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ-ներ) հասնելու համար եւ կապ կհաստատեն կորպորատիվ ընկերությունների, միջազգային կազմակերպությունների, սոցիալական ձեռներեցների եւ հանրօգուտ ներդրողների հետ:    
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի գլխավոր խորհրդական Արտակ Մելքոնյանը Itel.am-ի հետ զրույցում նշել է, որ Accelerate2030-ը նախատեսված է այն նախաձեռնությունների համար, որոնք ունեն գործունեության որոշակի պատմություն, հաստատված շուկա եւ ֆինանսապես կայուն վիճակ:

«Մենք խոսում ենք արդեն կայացած ստարտափների մասին: Այս նախաձեռնության հիմնական նպատակն է՝ գտնել այն նախաձեռնությունները, որոնք որոշակիորեն նպաստում են ԿԶՆ-ների իրականացմանը, կարող են ընդլայնել իրենց գործունեությունը կամ վերարտադրվել, ինչպես նաեւ ընդլայնելով գործունեությունը՝ մեծացնել իրենց ազդեցությունը համաշխարհային մակարդակով»,- ընդգծել է Արտակ Մելքոնյանը:

Նա տեղեկացրել է, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը բոլոր դիմորդներին ներառում է տվյալների սեփական բազայում եւ դիտարկում ԿԶՆ-ներին առնչվող եւ աջակցող հետագայում նախաձեռնությունների իրականացման ընթացքում:

«Նախնական ցուցակում ընդգրկված ստարտափներին մենք՝ Impact Hub Yerevan-ի հետ միասին, կօգնենք ավելի արդյունավետ կերպով ներկայացնել իրենց ընկերությունը, գործունեությունը եւ գաղափարները»,- ասել է Արտակ Մելքոնյանը:

Նրա խոսքով՝ հնարավոր չէ կանխագուշակել, թե կոնկրետ որ ուղղությունները ներկայացնող ստարտափների դեպքում է ավելի մեծ միջազգային մրցույթում հաջողության հասնելու հավանականությունը:

«Սակայն սովորաբար գոյություն ունի որոշակի հավասարակշռություն: Անցած տարի մենք ունեինք հինգ ստարտափ, որոնք դուրս էին եկել եզրափակիչ փուլ: Նրանք ներկայացնում էին հետեւյալ ոլորտները՝ կրթություն, գյուղատնտեսություն եւ մթերքներ, նաեւ թափոնների  վերամշակում, կլիմա: Այնուամենայնիվ, նախաձեռնությունները պետք է կապ ունենան եւ աջակցեն ԿԶՆ-ների իրականացմանը»,- շեշտել է Արտակ Մելքոնյանը:

Impact Hub Yerevan-ի համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Սառա Անջարգոլյանն իր հերթին նշել է, որ մրցունակ լինելու համար նախագծերն առաջին հերթին պետք է լինեն ընդլայնման ենթակա:  

«Կարեւոր է նաեւ, որ կազմակերպությունն ունենա հաջող գործունեության պատմություն: Accelarate 2030-ը ստարտափներին տալիս է լավ հնարավորություն՝ ճանաչելի դառնալ տեղական եւ գլոբալ շուկայում, կապում նրանց ձեռներեցների եւ ներդրողների իր գլոբալ ցանցի հետ, նոր շուկաներ մուտք գործելու դռներ բացում, ընձեռում ֆինանսավորման, փորձի փոխանակման եւ համաշխարհային հարթակում փորձ ստանալու հնարավորություններ»,- նշել է նա:

Սառա Անջարգոլյանի խոսքով՝ Impact Hub-ը եւ ՄԱԶԾ-ն եզրափակիչ փուլում հաղթող մասնակիցներին կօգնեն զարգացնել իրենց նախագծերը ներկայացնող կարճ ելույթները:

Հիշեցնենք, որ 2016թ. Accelerate2030-ն իրականացվել է 10 երկրում: Միջազգային եզրափակչի մասնակիցներից մեկը Հայաստանը ներկայացնող dasaran.am նախագիծն էր։

Նարինե Դանեղյան