15:17 | 17.05.17 | Նորություններ | 3543

Մեկնարկել է «Վերականգնվող էներգիան՝ որպես տեխնոլոգիական զարգացման գործիք» ծրագիրը

Գյումրիում մեկնարկել է «Վերականգնվող էներգիան՝ որպես տեխնոլոգիական զարգացման գործիք» ծրագիրը, որի շրջանակում Գյումրիի «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում տեղադրվել են 45 ԿՎտԺ հզորությամբ արեւային համակարգեր, որոնք հաստատությունը կապահովեն անվճար տաք ջրով եւ էլեկտրաէներգիայով առնվազն 25 տարի:

Ծրագրի նպատակն է մասայականացնել արեւային էներգիայի օգտագործումը` ապահովելով խնայողություն, բնապահպանություն եւ անվտանգություն, իսկ խնայած միջոցները ներդնել կրթական ու զարգացման ծրագրերի մեջ:

Ծրագիրն իրականացնում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը՝ «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ի ֆինանսավորմամբ, գործընկերներն են «Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամ»-ը ու «Արփի Սոլար» արեւային տեխնոլոգիական ընկերությունը:

«Սա ոչ միայն ուղղակի խնայողություն է այս հաստատության համար, այլեւ մեր երկրի անվտանգությանն ու շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված կարեւոր նախաձեռնություն։ Այն մեր հայրենիքն ու աշխարհն ավելի լավը, ավելի անվտանգ դարձնելու ծրագիր է, որով պետք է վարակել ողջ հասարակությանը, մանավանդ կան բոլոր գործիքները, որոնք հասանելի են դարձնում արեւի էներգիան բոլորի համար։ Յուրաքանչյուրը կարող է միանալ ծրագրին, եւ մենք կառաջարկենք խնայողության եւ զարգացման մոդել հենց այդ հաստատության համար»,- նշել է «Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամ»-ի գործադիր տնօրեն Հասմիկ Բարսեղյանը:

ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյանի խոսքով՝ այս միջոցառման ամենամեծ արժեքը համագործակցությունն է՝ մեկ գաղափարի շուրջ մի շարք կազմակերպությունների համախմբումը:

«Մեր նպատակն է նմանատիպ ծրագրերով խթանել տեխնոլոգիական կրթությունն ու ունենալ շատ ավելի ուժեղ երկիր։ Հատկապես վերջին տարիներին մենք մեծ ջանքեր ենք գործադրում ամբողջ Հայաստանում այս ներուժի զարգացման ուղղությամբ, եւ պետք է ասեմ, որ արդյունքները գերազանցում են մեր ակնկալիքները, քանի որ մեր երեխաները շատ տաղանդավոր են»,- ասել է նա: