11:05 | 11.05.17 | Նորություններ | 4069

Վաղը կմեկնարկի «Ոզնի 2017» դպրոցական համակարգչային մրցույթը

Մայիսի 12-ին` ժամը 10:30-ին, Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում կկայանա «Ոզնի 2017» դպրոցական համակարգչային ամենամյա մրցույթը:

Մրցույթի նպատակն է բացահայտել աշակերտների համակարգչային կարողություններն ու հմտությունները, հնարավորություն տալ նրանց համակարգչային ծրագրերի միջոցով արտահայտել նորարարական գաղափարներ, ստուգել սեփական կարողությունները, ինչպես նաեւ ստեղծել հարթակ մարզերի եւ Երեւանի ուսուցիչների համագործակցության համար:

Այս տարի մրցույթին մասնակցում է 6-10-րդ դասարանի 223 աշակերտ Երեւանի 45  եւ ՀՀ մարզերի դպրոցներից, ինչպես նաեւ 68 աշակերտ ՀՀ ուսումնական  հաստատություններում գործող ռոբոտաշինության խմբակներից, որոնք կաշխատեն «Աղվես» համակարգչային ծրագրով:  

Վիճակահանության միջոցով մասնակիցները կընտրեն իրենց աշխատանքի թեման եւ սահմանված ժամանակում կներկայացնեն այն: Մայիսի վերջում հայտնի կլինեն հաղթողները, որոնք կստանան պատվոգրեր եւ մրցանակներ:

Կազմակերպիչների խոսքով՝ 2010-ից անցկացվող մրցույթն առանձնահատուկ է նրանով, որ մասնակցության վճար չի գանձվում: Մրցույթը միակն է իր ձեւաչափով եւ խթանում է դպրոցներում ՏՀՏ ոլորտի զարգացումը:

Մրցույթի անցկացմանն աջակցում են ՏՀՏ գործատուների միությունը, Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը եւ ԿՏԱԿ-ը։