12:08 | 23.08.16 | Հոդվածներ | exclusive 119472

Chessfimee հավելվածը կհեշտացնի շախմատի ուսուցումը

Գործարկվել է Chessfimee անվճար հավելվածը, որն իրականացնում է շախմատի խաղատախտակի սքանավորում եւ վերլուծություն։

Fimetech ընկերության կողմից մշակված հավելվածը հասանելի է Google Play-ում:


Itel.am-ի հետ զրույցում Fimetech-ի հիմնադիր Գոռ Վարդանյանը պատմել է, որ իրենց մշակած լուծումը նորություն է ոլորտում, եւ նպատակ ունեն այդպիսով ավելացնել շախմատի նկատմամբ Հայաստանում եւ աշխարհում հետաքրքրությունը:

«Օգտագործելով OCR (optical character recognition) տեխնոլոգիան՝ հավելվածը սքանավորում եւ թվայնացնում է գրքերից, ամսագրերից եւ LCD էկրաններից հեռախոսի օգնությամբ նկարված շախմատային դիագրամները, վերլուծում դիրքը՝ stockfish շախմատային ծրագրի միջոցով։ Կա նաեւ համակարգչի հետ շախմատ խաղալու հնարավորություն»,- նշել է նա, հավելելով, որ իրենց թիրախում համաշխարհային շուկան է:

Գոռ Վարդանյանի խոսքով, հավելվածը ստեղծելու գաղափարն առաջացել է, երբ ինքը ցանկացել է հեշտացնել իր՝ շախմատ պարապող երեխաների համար տնային խնդիրներ լուծելու գործընթացը:



«Հայաստանում շախմատը դպրոցներում է դասավանդվում, եւ այս հավելվածը կարող է օգնել բոլոր դպրոցականներին կատարել իրենց տնային աշխատանքները: Բացի այդ, շատ այլ մարդիկ եւս ունեն նման ծրագրի կարիք: Ցանկանում ենք աջակցել նրանց, որոնք սիրում են խաղալ շախմատ կամ ցանկանում են սովորել: Որպես եկամտի աղբյուր տեսնում ենք հիմնականում պրոֆեսիոնալ շախմատիստների համար ծրագրային ապահովման տարբեր լուծումների ստեղծումը»,- պարզաբանել է Fimetech-ի հիմնադիրը:

Նա հավելել է, որ Fimetech-ը կօգնի հավելվածի վրա աշխատող 4-5 հոգանոց թիմին առանձին ստարտափ ստեղծել՝ փորձելով այդպես հասնել հաջողության:

Ներկայում մշակվում է հավելվածի iOS տարբերակը:

Նարինե Դանեղյան