06:31 | 29.03.16 | Հոդվածներ | exclusive 2660

Սմարթֆոնիզացիայի հայաստանյան թրենդները

Եթե որոշ ժամանակ առաջ Հայաստանում սմարթֆոն գնելիս առաջնային ուշադրություն էր դարձվում բրենդի հեղինակությանն ու ճանաչմանը, ապա վերջին տարիներին նկատվում է այս տենդենցից ձերբազատում։

Itel.am-ի հետ զրույցում Beeline-ի վաճառքի եւ սպասարկման գրասենյակների միջոցով վաճառքի ծառայության ղեկավար Եվգենի Ֆիլիմոնովը նշում է, որ հաճախորդներն ավելի շատ են սկսել ուշադրություն դարձնել գին-որակ հարաբերակցությանը, այսինքն՝ սկսում են գնել սմարթֆոններ, որոնք մատչելի գնով առաջարկում են բազմաթիվ ֆունկցիաներ։

«Եթե այս թրենդը Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Չինաստանում կար դեռեւս երկու տարի առաջ, ապա այն նոր-նոր է Հայաստան գալիս։ Ամեն ինչ տանում է նրան, որ մարդիկ սկսում են քիչ ուշադրություն դարձնել բրենդին եւ անվանը, փոխարենը մեծ տեղ տալ որակին եւ գնին»,- ասել է Եվգենի Ֆիլիմոնովը։

Mobax.am օնլայն խանութի վաճառքի գծով տնօրեն Հովհաննես Գեւորգյանն էլ նշում է, որ բացի iPhone-ից եւ Samsung-ից, մեծ պահանջարկ ունեն Asus, Lenovo, Acer բրենդների սմարթֆոնները։

Նրա խոսքով՝ վերոնշյալ հեռախոսների վաճառքի աճը կրկին կապված է գնի եւ մատչելիության հետ։

«iPhone-ների մեծ պահանջարկը կապված է ոչ միայն բրենդի, այլեւ օպերացիոն համակարգի հետ։ IOS-ն ավելի պաշտպանված է եւ զարգացած։ Դրա համար էլ iPhone-ներն ավելի թանկ են։ Իսկ Android համակարգը բաց է. բոլոր արտադրողները կարող են վերցնել այն եւ օգտագործել։ Սա է պատճառը, որ պարամետրերով գուցե նույնը լինեն, սակայն գինը կրկնակի բարձր կամ ցածր լինի»,- մեկնաբանում է Հովհաննես Գեւորգյանը։

Mobile Center խանութների ցանցի մենեջեր Ֆիլիպ Թաթուլյանը, իր հերթին, ընդգծում է, որ իրենց մոտ ամենապահանջված սմարթֆոնները շարունակում են մնալ iPhone-ը եւ Samsung-ը։

Հայ հաճախորդներին հետաքրքրում է գինը

Beeline-ի վաճառքի եւ սպասարկման գրասենյակների միջոցով վաճառքի ծառայության ղեկավարի խոսքով՝ հայ հաճախորդները գնում կատարելիս շատ պահանջկոտ չեն, թեպետ կան առանձնահատկություններ, որոնց վրա մեծ ուշադրություն են դարձնում։

Եվգենի Ֆիլիմոնովը նշում է, որ գնում կատարելիս հաճախորդին նախ հետաքրքրում է գինը. ավելի շատ տարածում ունեն մինչեւ 75 հազ. դրամ արժողությամբ հեռախոսները։ Շատ պահանջված են նաեւ սմարթֆոնները, որոնք երկքարտանի են եւ ունեն որակյալ ֆոտոխցիկ։
Նա նաեւ ընդգծում է, որ տարբերություն կա կին եւ տղամարդ գնորդների միջեւ՝ կապված սմարթֆոնի գույների եւ ֆունկցիաների հետ։ Եթե տղամարդիկ հիմնականում սեւն են նախընտրում, ապա կանայք՝ ոսկեգույնը, ինչպես նաեւ այն հեռախոսները, որոնք ունեն լավ տեսախցիկ։

«Տղամարդիկ գնում կատարելիս նախ եւ առաջ ուշադրություն են դարձնում մարտկոցի երկարակեցության եւ օպերացիոն համակարգի վրա, որպեսզի արագ աշխատի եւ «չկախվի», իսկ կանայք առաջին հերթին ուշադրություն են դարձնում տեսախցիկին»,- իր հերթին նկատում է Mobax.am օնլայն խանութի վաճառքի գծով տնօրեն Հովհաննես Գեւորգյանը։

ՎիվաՍել-ՄՏՍ-ում եւս փաստում են, որ այսօր մեծ պահանջարկ ունեն մատչելի հեռախոսները։ Ընկերությունում նշում են, որ սմարթֆոնների վաճառքի միջին գինը սովորաբար կազմում է մոտ 50 հազ. դրամ։

Ապառիկ կամ կանխիկ գնումները նույնպես կախված են սմարթֆոնի գնից։ Beeline-ը եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտնում են, որ հիմնական գնումները կատարվում են ապառիկ կամ հատուկ փաթեթով։

ՎիվաՍել-ՄՏՍ-ում նաեւ աճ են արձանագրում բաժանորդային սարքավորումների եւ աքսեսուարների վաճառքում. եթե 2014թ․ դրանց վաճառքը կազմել է 1,081 մլրդ դրամ, ապա 2015թ. այն հասել է 1,969 մլրդ դրամի՝ արձանագրելով 82% աճ։

Ի դեպ, սմարթֆոնների հայ սիրահարները հետ չեն մնում մնում համաշխարհային թրենդներից։

«Mobile Center-ի կայքում մեզ հաճախ են հարցնում, թե երբ կստանանք նոր դուրս եկած մոդելները»,- ասում է Mobile Center խանութների ցանցի մենեջեր Ֆիլիպ Թաթուլյանը։

Այս միտումը հաստատում է նաեւ Mobax.am օնլայն խանութի վաճառքի գծով տնօրեն Հովհաննես Գեւորգյանը՝ կատարելով միայն մեկ նկատառում: 

«Վերջին մեկ տարվա ընթացքում, երկրի ներքին վիճակից ելնելով, հեռախոսը փոխելու եւ նորը գնելու փոխարեն շատերը վերանորոգում են առկա անսարքությունները՝ այդպիսով ուշադրություն չդարձնելով նոր բրենդների եւ մոդելների վրա։ Կա նաեւ մարդկանց մեկ ուրիշ խումբ, որ նախընտրում է վճարել շատ, գնել մեկ լավ հեռախոս եւ այն շատ երկար օգտագործել, քան անընդատ փոփոխել կամ վերանորոգման տալ»,- ամփոփում է Հովհաննես Գեւորգյանը։

Աննա Խաչատրյան