12:01 | 11.11.15 | Նորություններ | 3130

Երրորդ եռամսյակում Beeline-ը գրանցել է ֆինանսական ցուցանիշների աճ

Հայաստանում Beeline-ն ամփոփել է ընկերության 2015թ. երրորդ եռամսյակի ֆինանսական եւ գործառնական արդյունքները:

Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն՝ երրորդ եռամսյակում ընկերության ընդհանուր գործառնական հասույթը կազմել է 30 մլն դոլար, ինչը 2 մլն-ով գերազանցում է երկրորդ եռամսյակի եւ 4 մլն-ով` ընթացիկ տարվա առաջին եռամսյակի նույն ցուցանիշը:

EBITDA margin ցուցանիշը երրորդ եռամսյակում աճել է 3%-ով նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատությամբ եւ կազմել 40,7%: EBITDA ցուցանիշը երրորդ եռամսյակում կազմել է 12 մլն դոլար, ինչը 1 մլն դոլարով գերազանցում է երկրորդ եռամսյակի նույն ցուցանիշը եւ 3 մլն դոլարով` առաջին եռամսյակի ցուցանիշը: 

2015թ. երրորդ եռամսյակի արդյունքներով` Հայաստանում Beeline բջջային կապի բաժանորդների թիվը գերազանցում է 844 000-ը, ինչը մոտ 30 000-ով գերազանցում է երկրորդ եռամսյակի նույն ցուցանիշը: Բջջային ինտերենտի ծառայություներից ստացված եկամուտը երրորդ եռամսյակում կազմել է 1,54 մլն դոլար, ինչը 0,16 մլն-ով գերազանցում է երկրորդ եռամսյակի նույն ցուցանիշը:

«Եռամսյակի հաջող ցուցանիշները խոսում են այն մասին, որ Beeline-ը Հայաստանում շարունակում է նվաճել հաճախորդների վստահությունը` առաջարկելով որակյալ, պարզ եւ հարմար ծառայություններ: Մեզ համար առանձնապես հաճելի է այն հանգամանքը, որ Beeline-ի ավելի ու ավելի մեծ թվով բաժանորդներ պատրաստ են երաշխավորել մեր ծառայություններն իրենց հարազատներին ու ծանոթներին: Այս մասին են վկայում հաճախորդների շրջանում անցկացված հարցումները», - ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

Beeline բջջային ինտերնետի ծառայություններից օգտվողների թիվը մեկ տարվա ընթացքում աճել է 22 000-ով, իսկ բաժանորդի կողմից հեռախոսով օգտագործվող տրաֆիկի միջին ծավալը նույն ժամանակահատվածում երկու անգամ աճել է: Մեկ տարվա ընթացքում բաժանորդային բազայում սմարթֆոնների մասնաբաժինն ավելացել է 20%-ով, իսկ սմարթֆոնների բաժանորդների կողմից օգտագործվող ինտերնետի ծավալը գրեթե կրկնակի աճ է գրանցել: Ընկերության գնահատմամբ՝ սա հիմնականում պայմանավորված է ինտերնետի միացմամբ բրենդային հեռախոսների վաճառքով: 

2015թ. երրորդ եռամսյակում Beeline-ի կատարած կապիտալ ներդրումները կազմել են 5 մլն դոլար, ինչը 3 մլն-ով գերազանցում է ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի նույն ցուցանիշը: