09:38 | 26.10.15 | Նորություններ | 3273

Beeline-ը աջակցեց լրագրողների թենիսի մրցաշարին

Beeline-ը եւ Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան պարգեւատրել են ԶԼՄ-ների միջեւ անցկացվող մեծ թենիսի մրցաշարի հաղթողներին։

Մրցաշարն անցկացվել է հոկտեմբերի 17,18 եւ 23-ին օլիմպիական մրցակարգով կանանց եւ տղամարդկանց համար առանձին, իսկ մրցումները սպասարկում էին փորձառու մարզիչները։

Տղամարդկանց մրցումներում առաջին տեղը գրավեց Հակոբ Բադալյանը (Lragir.am), իսկ երկրորդ եւ երրորդ մրցանակները շնորհվեցին Արթուր Սուքիասյանին  եւ Արամ Մանուկյանին «Կենտրոն» հեռուստաընկերությունից։

Կանանց մրցումներում առաջին տեղը զբաղեցրեց Սոնա Ղուկասյանը ՀՀ Հանրային ռադիոյից, երկրորդ մրցանակը շնորհվեց Արաքս Սիմոնյանին (ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցերով նախարարության լրատվության հետ կապերի բաժին), իսկ երրորդ մրցանակին արժանացավ Մարինե Կարապետյանը («Երկիր մեդիա» հեռուստաընկերություն)։

Տեղի ունեցավ նաեւ գալա-խաղ տղամարդկանց մրցաշարում առաջին տեղը գրավված Հակոբ Բադալյանի եւ Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի միջեւ։

«Ինքս շատ եմ սիրում մեծ թենիս եւ հաճախ զբաղվում եմ այս սպորտաձեւով: Այսօրվա խաղը անցավ շատ թեժ պայքարում։ Շնորհավորում եմ հաղթողներին եւ շնորհակալություն հայտնում մասնակցության համար։ Վստահեցնում եմ,  որ մենք շարունակելու ենք աջակցել բոլոր այն ծրագրերին, որոնք կօգնեն մարդկանց փոխել կյանքը դեպի ավելի լավը»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը։