16:15 | 03.08.15 | Նորություններ | 4886

Beeline-ը «Օրանժ Հայաստան»-ի դեմ հայտ է ներկայացրել ՏՄՊՊՀ

Beeline-ը, ԶԼՄ-ների կողմից հաճախակի դարձած հարցումների հետ կապված, տեղեկացնում է, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից դիտարկվում է «ԱրմենՏել» ընկերության հայտը` «Օրանժ Հայաստան» ՓԲԸ-ի կողմից ոչ ազնիվ մրցակցության վերաբերյալ:

Beeline-ում նշել են, որ ս.թ. հունիսի 16-ին «Օրանժ Հայաստան» ՓԲԸ-ն պաշտոնապես հայտարարություն է տարածել` Ռուսաստանում ռոումինգի ծառայությունների 29 դրամ/րոպե արժողությամբ սեփական առաջարկն անվանելով «լավագույն սակագին»: Գործնականում այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ նույն օրը Beeline-ը գործարկել է «Կապի մեջ +» ծառայությունը, որը հնարավորություն է տալիս Ռուսաստանում, Վրաստանում եւ մի շարք այլ երկրներում ռոումինգում գտնվելիս բոլոր օպերատորներից ստանալ մուտքային զանգեր եւ կատարել ելքային զանգեր դեպի Հայաստանում Beeline բջջային ցանց 24,9 դրամ/րոպե սակագնով: Նույնքան արժե նաեւ ռոումինգում մեկ մեգաբայթ ինտերնետը:

«Ստեղծված իրավիճակում, երբ շուկայում գործում է ավելի հասանելի գնային առաջարկ, մեր խորին համոզմամբ, «Օրանժ Հայաստան»-ի կողմից հայտարարված գովազդային նյութերում եւ պաշտոնական հաղորդագրություններում «լավագույն սակագին» ձեւակերպումը, սպառողներին միանշանակ շփոթության մեջ է գցում եւ չի համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրությունում: