10:29 | 25.12.09 | Հարցազրույցներ | exclusive 3761

“Մենք զգալիորեն բարելավել ենք սպասարկման որակը”

“ՎիմպելԿոմ” ԲԲԸ ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով փոխնախագահ Դմիտրի Կրոմսկոյի բացառիկ հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանն ու Itel.am պորտալին

Դեկտեմբերի 13-ին “ՎիմպելԿոմ” ԲԲԸ ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով փոխնախագահի պաշտոնում նշանակվեց Դմիտրի Կրոմսկոյը, ով նախկինում ղեկավարում էր Ղազախստանում Beeline-ի գործառնությունները “Կար-Տել” ՍՊԸ (Beeline ապրանքանիշ) գլխավոր տնօրենի պաշտոնում: Նոր պաշտոնում առաջին հարցազրույցը նա տվել է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը:

- Առհասարակ ինչպե՞ս եք գնահատում “ՎիմպելԿոմ” ԲԲԸ աշխատանքը ԱՊՀ շուկաներում, եւ ի՞նչ եք կարծում, ԱՊՀ շուկաներից որու՞մ է Beeline-ը ամենամեծ հաջողությանը հասել:

- Եթե խոսենք ընկերությունների խմբի մասին առհասարակ, ապա 2009թ. երեք եռամսյակների արդյունքում զարգացումը դինամիկ էր: 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ հասույթը ռուսական ռուբլիով աճել է 4%-ով, իսկ տեղական արժույթներով, հաշվի առնելով փոխարժեքների տարբերությունը` 5-13%-ով:

Եթե խոսենք կոնկրետ շուկաների մասին, ապա դժվար է որեւէ մեկն առանձնացնել, քանի որ մեր բոլոր ընկերությունները բավականին հաջողակ էին: Օրինակ, Ղազախստանում մենք սկսել ենք բջջային եւ ֆիքսված բիզնեսի ինտեգրումը, հոկտեմբերին սկսել ենք FTTB-ի (Fiber to the Building` օպտիկամալուխ մինչեւ շինություն) վաճառքը, կառուցել ենք Ալմաթայի առաջին սեգմենտը, որտեղ ծառայությունը մեծ պահանջարկ է վայելում, եւ մենք շատ գոհ ենք այդպիսի մեկնարկից: 

Ուկրաինայում FTTB հատվածը եւս հաջողությամբ զարգանում է. երրորդ եռամսյակի վերջում մենք այդ ոլորտում ունեինք ավելի քան 70 հազար բաժանորդ, եւ մեր ուկրաինական օպերատորը համարվում է երկրում ինտերնետային ծառայությունների մատուցման առաջատարներից մեկը: 

- Ինչպե՞ս եք գնահատում ՙԱրմենՏելի՚ աշխատանքը: Որո՞նք են ընկերության ուժեղ կողմերը:

- Մենք երրորդ եռամսյակում վատ արդյունքներ չենք արձանագրել, երկրորդ եռամսյակի համեմատ եկամուտները տեղական արժույթով աճել են 5%-ով: Իմ կարծիքով, այս տարվա երրորդ եռամսյակը հաջողված էր, այդ ժամանակահատվածում շեշտը դրվել է հիմնականում վաճառքի գրասենյակների զարգացման վրա: “ԱրմենՏել”-ի մենեջմենթին հաջողվել է բավական արագ զարգացնել իր գրասենյակային ցանցը, ընդ որում, մենք ոչ միայն գրասենյակներ ենք բացել, այլեւ կազմակերպել դրանց աշխատանքը բարձր մակարդակի վրա:

Մենք զգալիորեն բարելավել ենք սպասարկման որակը, եւ դա արդեն տալիս է զգալի արդյունք: “ԱրմենՏելը” Հայաստանի միակ ինտեգրված օպերատորն է, որը կորպորատիվ հաճախորդներին տրամադրում է բջջային եւ ֆիքսված ծառայություններ: Բավականին արագ է զարգանում լայնաշերտ հասանելիությունը HiLine ինտերնետին:

- Որքա՞ն է փոխվել ընկերության աշխատանքի որակը նոր մենեջմենթի հայտնվելուց հետո:

- Բանն այն է, որ նախկին մենեջմենթին առաջադրված էին մի փոքր այլ խնդիրներ: Երբ Beeline-ը նոր եկավ Հայաստան, անհրաժեշտ էր շատ բան վերակառուցել, բիզնես-գործընթացները համապատասխանեցնել “ՎիմպելԿոմ”-ի չափանիշներին, ստեղծել շուկայում աշխատելու նոր մոտեցումներ:

Նոր մենեջմենթի առջեւ կանգնած է լուրջ աճ ապահովելու խնդիրը, եւ այդ պատճառով “ԱրմենՏել”-ի թիմը այժմ մեծ ուշադրություն է դարձնում մարքեթինգային բաղադրիչին, Հայաստանում Beeline-ի իմիջի ամրապնդմանը եւ գործառնությունների արդյունավետության ապահովմանը:

- Դմիտրի Պլեսկոնոսը` այս պաշտոնում Ձեր նախորդը, նկատել էր, որ “ԱրմենՏել”-ի հունական ղեկավարությունը ձեզ վատ համբավով ծանր ժառանգություն էր թողել: Ի՞նչ եք կարծում, ընկերության նոր մենեջմենթը կարողացե՞լ է կոտրել այդ իմիջը:

- Իմ կարծիքով, կարողացել է: Իսկապես, հայաստանյան շուկա մտնելիս մենք բախվեցինք նրան, որ ընկերությունն ուներ ոչ որակյալ սպասարկում ունեցող օպերատորի իմիջ: Միջոցառումների այն համախումբը, որը մենք կատարեցինք այս տարիների ընթացքում, օգնեց ստեղծել նոր բրենդ, որը համապատասխանում է սպասարկման որոշակի չափանիշների: Կարծում եմ, ընկերության իմիջն արդեն թեքվել է դեպի դրական կողմ: Իհարկե, այդ ուղղությամբ դեռ պետք է աշխատել, 1-2 տարվա ընթացքում իմիջն ամբողջությամբ փոխելն անհնար է:

- Orange-ի մուտքը Հայաստան մրցակցության նոր բուռն ալիք առաջացրեց երկրի հեռահաղորդակցային շուկայում: Որքանո՞վ էր համարժեք “ԱրմենՏել”-ի արձագանքը շուկայի նոր իրողություններին:

- Orange-ը բավականին ուժեղ դերակատար է` Եվրոպայում եւ այլ երկրներում աշխատանքի մեծ փորձով: Այն շատ լուրջ մրցակից է, որի մուտքին մենք սպասում էինք եւ համապատասխան միջոցառումներ ձեռնարկեցինք, որպեսզի քաղաքակիրթ ձեւով մրցակցենք նրա հետ: Կարծում եմ` մենք լավ ենք նախապատրաստվել` պատրաստելով մի շարք հետաքրքիր առաջարկներ շուկայի տարբեր հատվածների համար:

- Այս տարվա երրորդ եռամսյակում Հայաստանում Beeline-ի բաժանորդային բազան 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 36%-ով: “ԱրմենՏել”-ի բջջային շուկայի մասնաբաժինը կազմում է շուրջ 20%: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ ցուցանիշները:

- Պարզ ասած, մենք քանակից անցել ենք որակի: Որպեսզի ճիշտ գնահատենք բաժանորդային բազան, անհրաժեշտ է իմանալ “ակտիվ” բաժանորդների հստակ թիվը, հանել նրանց, ովքեր ընդհանրապես չեն օգտվում իրենց SIM-քարտից, սակայն հաշվարկված են բազայում: Մենք բազան “մաքրել” ենք “լռող” բաժանորդներից եւ այժմ, ունենալով ճիշտ տվյալներ, աճ ապահովելու խնդիր ենք դրել:

- Գործունեության ուղղություններից ո՞րն է ավելի հեռանկարային “ԱրմենՏելի” համար` բջջային կապը, ֆիքսված կապը, թե ինտերնետի լայնաշերտ հասանելիությունը:

- Կարծում եմ, պետք է շարժվել բոլոր երեք ուղղություններով: Բնականաբար, ամենաարագ աճող հատվածն ինտերնետի լայնաշերտ հասանելիությունն է, այդ պատճառով մենք հատուկ նշանակություն ենք դարձնելու այդ ուղղությանը: Մենք աշխատելու ենք նաեւ կոնվերգենտ լուծումների ուղղությամբ ինչպես բիզնեսի, այնպես էլ ֆիզիկական անձանց համար:

- Ի՞նչ հիմնական խնդիրներ եք դրել “ԱրմենՏել”-ի ղեկավարության առջեւ 2010 թվականին:

- Մնալ կապի խոշորագույն օպերատորը, շարունակել զարգացումը, հատուկ ուշադրություն դարձնել սպասարկման որակին եւ շեշտադրել նոր տեխնոլոգիաները:
Զարգացումը պետք է տեղի ունենա Հայաստանում մեր գործունեության բոլոր հիմնական ուղղություններով: Բջջային կապը մնում է մեր ուշադրության կենտրոնում, եւ այդ հատվածում աճելու համար մեզ անհրաժեշտ է գտնել նոր հնարավորություններ, ներդնել նոր ծառայություններ, ակտիվորեն առաջարկել ծառայություններ երրորդ սերնդի կապի (3G) հիման վրա: Նաեւ ակտիվորեն վաճառելու ենք USB-մոդեմներ, զարգացնելու ենք շարժական ինտերնետն ու ֆիքսված ցանցը: 

- Մեզ հետ զրույցներում ՀՀ ֆոնդային շուկայի մասնագետները բազմիցս նշել են, որ Beeline-ի ու “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի` արժեթղթերի շուկա մտնելուց հետո նրանց բաժնետերերի թիվը միայն Հայաստանում կգերազանցի 1 մլն-ը: “ՎիմպելԿոմ” ԲԲԸ ղեկավարությունը “ԱրմենՏել”-ի համար դիտարկու՞մ է արդյոք նման հեռանկար: 

- “ՎիմպելԿոմը”` որպես “ԱրմենՏել”-ի հիմնական բաժնետեր, գնանշվում է Նյու-Յորքի ֆոնդային բորսայում, եւ մենք չենք դիտարկում դուստր ընկերության առանձին մուտքը բորսա: Բացի այդ, ներկայումս ձեւավորվում է “Վիմպելկոմ-Լիմիթեդ” նոր ընկերությունը, որը գնանշվելու է Նյու-Յորքի ֆոնդային բորսայում ՙՎիմպելԿոմի՚ փոխարեն: Մենք ողջամիտ ենք համարում, որ բորսայում գնանշվի ողջ հոլդինգը: