17:07 | 23.12.09 | Նորություններ | 2819

“ԱրմենՏելի” ղեկավարը կարծում է, որ որոշ ինտերնետ-պրովայդերներ զբաղվում են անբարեխիղճ մրցակցությամբ

Երեւան /Մեդիամաքս/. “ԱրմենՏել”-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն այսօր մեկնաբանել է Hi Line ծառայության բաժանորդների` ինտերնետ կապի հայտարարված եւ իրական արագությունների անհամապատասխանության վերաբերյալ բողոքները:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Իգոր Կլիմկոն ներկայացրել է մի քանի փաստարկներ: 

Նրա խոսքերով, պատճառներից մեկն որոշակի ինտերնետային կայքերի քոնթենթի սահմանափակ արագությունն է, մյուս գործոնը` բաժանորդների հեռախոսագծերի որակը: Մասնավորապես, Իգոր Կլիմկոն հիշեցրել է, որ Հայաստանում մինչ օրս կան պղնձե հեռախոսագծեր:

Բացի այդ, ասել է “ԱրմենՏելի” ղեկավարը, “նախորդ շաբաթ մեր մագիստրալային գործընկերները` “Ռոստելեկոմ”-ն ու UTG-ը անց են կացրել ծրագրված աշխատանքներ եւ անջատել են կապուղիները՚:

“Դրան զուգահեռ վթար էր տեղի ունեցել Գորիս-Կապան հատվածում, որտեղ վնասվել էր օպտիկաթելային մալուխը, ինչի կապակցությամբ մեր բաժանորդները կարող էին անհարմարություններ ունենալ”,- խոստովանել է Իգոր Կլիմկոն:

“ԱրմենՏել”-ի ղեկավարը նշել է նաեւ, որ որոշ ինտերնետ պրովայդերներ արհեստականորեն սահմանափակում են Hi Line-ի բաժանորդների հասանելիությունն իրենց սերվերների վրա տեղակայված կայքերին: Իգոր Կլիմկոն հայտարարել է, որ պրովայդերների նման մոտեցումը գնահատում է որպես անբարեխիղճ մրցակցության դրսեւորում եւ մտադիր է դիմել Տնտեսական մրցակցության պաշտպանության եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովներին:

Մեկնաբանելով Hi Line ծառայությանը միացման հատուկ ակցիայի նկատմամբ մեծ պահանջարկը` Իգոր Կլիմկոն ասել է, որ մինչեւ դեկտեմբերի 31-ը ներկայացված բոլոր հայտերը կբավարարվեն մինչեւ 2009թ. վերջը կամ 2010թ. առաջին շաբաթներին: