11:52 | 30.11.09 | Նորություններ | 8069

«ԱրմենՏելն» աջակցում է բիզնեսի եւ կրթության միջեւ երկխոսության ստեղծմանը

Երեւան /Մեդիամաքս/. «Հմտություններն աշխատանքում» մրցույթն ուղղված է բիզնեսի եւ կրթության միջեւ երկխոսության ստեղծմանը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին «Հմտություններն աշխատանքում» մրցույթի ազգային փուլի արդյունքների ամփոփման արարողությանը ասել է «ԱրմենՏել» ընկերության (Beeline ապրանքանիշ) վաճառքի տնօրեն Սերգեյ Կապիտոնովը:

Մրցույթի ազգային փուլի կազմակերպիչներն են Բրիտանական խորհրդի (British Council) հայաստանյան գրասենյակը, «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը եւ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունը: Մրցույթի գլխավոր հովանավորն ու բիզնես-գործընկերն է «ԱրմենՏել» ընկերությունը:

Մրցույթի ազգային փուլի հաղթողներ են ճանաչվել Երեւանի հումանիտար քոլեջի ուսանողուհի Անի Վանյանը եւ Երեւանի ինֆորմատիկայի քոլեջի ուսանող Լեւոն Մադաթյանը: Նրանց շնորհվել է «Հմտություններն աշխատանքում» միջազգային մրցույթի եզրափակչի ուղեգիր, որը կկայանա 2010թ. գարնանը Բելգրադում: 

«Նախագիծը նպաստում է երիտասարդների ձեռնարկատիրական հմտությունների ու նորարարական մտածողության զարգացմանը»,- ասել է Սերգեյ Կապիտոնովը: