11:28 | 28.10.09 | Նորություններ | 2794

Vivacell-MTS գլխավորում է ՀՀ խոշորագույն հարկատուների ցանկը

Երեւան /Մեդիամաքս/. “Ղ-Տելեկոմ” ՓԲԸ-ն (Vivacell-MTS ապրանքանիշ) այս տարվա առաջին երեք եռամսյակների արդյունքներով գլխավորում է ՀՀ 300 խոշորագույն հարկատուների ցանկը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, 2009թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ընկերությունը վճարել է 12 մլրդ 710 մլն 809.9 հազ. դրամի հարկեր:

Ցանկում երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցնում են, համապատասխանաբար, “ԱրմենՏել” ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ)` 10 մլրդ 794 մլն 487.6 հազ., եւ “Ալեքս-Գրիգ” ՍՊԸ-ն` 10 մլրդ 741 մլն 130.3 հազ. ցուցանիշներով:

Խոշոր հարկատուների առաջին տասնյակում են նաեւ “ՀայՌուսգազարդը” (10 մլրդ 714 մլն 595.8 հազ.), “Ֆլեշը” (8 մլրդ 399 մլն 520.4 հազ.), “Սիթի Պետրոլ Գրուպը” (5 մլրդ 783 մլն 981,3 հազ.), “Հայաստանի էլեկտրական ցանցերը” (4 մլրդ 575 մլն 066,7 հազ.), “Վիդիս Դիստրիբյուշնը” (4 մլրդ 574 մլն 797,6 հազ.), “Ինթերնեյշնլ Մասիս Տաբակը” (3 մլրդ 843 մլն 019.4 հազ.) եւ “Օրանժ Արմենիան” (3 մլրդ 574 մլն 835 հազ.):

Սոցիալական վճարումների ցուցանիշով առաջատարներն են “Հայաստանի էլեկտրական ցանցերը” (1 մլրդ 559 մլն 738,4 հազ.), “ՀայՌուսգազարդը” (970 մլն) եւ “Նաիրիտ” քիմիական գործարանը (789 մլն 286,7 հազ.):

Աշխատակիցների թվով ՀՀ հարկատուների շրջանում առաջին տեղը զբաղեցնում են “Հայաստանի էլեկտրական ցանցերը” (7574): Երկրորդ եւ երրորդ տեղերը, համապատասխանաբար, զբաղեցնում են “ՀայՌուսգազարդը” (5845) եւ “Հարավկովկասյան երկաթուղին” (4537): 
ՄԵԴԻԱՄԱՔՍ