17:32 | 22.09.09 | Նորություններ | 3269

“Վիմպելկոմ”-ի գլխավոր տնօրեն. “ԱրմենՏելը” մտադիր է ուժեղացնել իր դիրքերը ինտերնետային ծառայությունների շուկայում

Երեւան /Մեդիամաքս/. “Վիմպելկոմ” ԲԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսանդր Տորբախովը այսօր Երեւանում հայտարարել է, որ հայաստանյան շուկան կարեւոր է ընկերության բիզնեսի համար:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Ալեքսանդր Տորբախովը ասել է, որ ընկերությունը մտադիր է ուժեղացնել իր դիրքերը ՀՀ ինտերնետային ծառայությունների շուկայում եւ ներկայումս քննարկում է գործողությունների հետագա ծրագիրը: Նրա խոսքերով, ընկերության ռազմավարությունն ինտերնետային ծառայությունների ոլորտում ուղղված է լինելու վաճառքի ուղիների զարգացմանը:

“Վիմպելկոմ” ԲԲԸ գլխավոր տնօրենը վստահություն է հայտնել, որ “ԱրմենՏելը” իր ապրանքների որակով լավագույնն է շուկայում` ելնելով նրանից, որ ոչ մի ուրիշ ընկերություն օբյեկտիվ տեխնիկական պատճառներով հնարավորություն չունի ADSL տեխնոլոգիայով ինտերնետ կապ հասցնել մինչեւ բաժանորդների բնակարաններ եւ 3G կապ` բջջային հեռախոսների տերմինալ սարքավորումներ: