13:23 | 09.09.09 | Նորություններ | 3885

Beeline-ի վաճառքի գրասենյակներում սպասարկման որակը վերջին ամիսներին զգալիորեն բարելավվել է

Երեւան /Մեդիամաքս/. Սեպտեմբերի 15-ին Beeline-ի բաժանորդների սպասարկման նոր գլխամասային գրասենյակ կբացվի Հյուսիսային պողոտայում:

Այդ մասին այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հետ հարցազրույցում հայտարարել է “ԱրմենՏել” ընկերության (Beeline ապրանքանիշ) գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Նա նշել է, որ Հայաստանում իր աշխատանքի հինգ ամիսների ընթացքում վաճառքի գրասենյակներում բաժանորդների սպասարկման որակը “զգալիորեն բարելավվել է”: Իգոր Կլիմկոն նշել է, որ ծրագիրը շարունակական բնույթ է կրում, եւ նոր գրասենյակը սպասարկելու է ոչ միայն ֆիզիկական անձանց, այլեւ կորպորատիվ հաճախորդների: 

Նրա խոսքերով, բաժանորդների սպասարկման որակի բարձրացման ծրագրի շրջանակներում ընկերության երեւանյան եւ մարզային գրասենյակների աշխատակիցները վերապատրաստում են անցնում: Իգոր Կլիմկոն հայտնել է նաեւ ԶԼՄ-ների հետ համագործակցելու մտադրության մասին` նրանցից բաժանորդների բողոքները ստանալու նպատակով:

Beeline-ի գլխավոր տնօրենն ասել է, որ, որպես կանոն, բաժանորդները խուսափում են իրենց բողոքներն անմիջապես սպասարկման գրասենյակներ ներկայացնելուց եւ նամակներ են ուղարկում ԶԼՄ-ներին: “Մենք մտադիր ենք համագործակցել մամուլի հետ եւ հնարավորինս լուծել բոլոր վիճահարույց խնդիրները”, - ասել է Իգոր Կլիմկոն: