16:23 | 10.07.09 | Նորություններ | 3019

Երիտասարդներին կառաջարկվի իրենց պատկերացնել «ԱրմենՏելի» ղեկավարի պաշտոնում

Երեւան /Մեդիամաքս/. British Council-ի երեւանյան գրասենյակը, «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) եւ «Պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպությունը այսօր ազդարարել են Skills@Work 2009-2010 բիզնես առաջադրանքների պատանեկան մրցույթի մեկնարկը:

Մրցույթն անցկացվելու է 15-18 տարեկան դպրոցականների ու ուսանողների միջեւ, որոնց առաջարկվելու է շարադրություն գրել «Ի՞նչ կձեռնարկեի, եթե լինեի «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրենը» թեմայով:

«ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն ասել է, որ այդ մրցույթը հնարավորություն է տալիս այլ կերպ նայել ընկերության բիզնեսին: Նրա խոսքերով, դա կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հենց այն ձեւաչափն է, որը Beeline-ը ամենակարեւորն է համարում:

Լավագույն 50 աշխատանքների հեղինակները հոկտեմբերին կմեկնեն Ծաղկաձորի  Skills@Work ազգային ճամբար, իսկ ազգային փուլի հաղթողները կստանան հատուկ մրցանակներ եւ «ԱրմենՏել»-ում պրակտիկա անցնելու հնարավորություն: Ազգային փուլի լավագույն մասնակիցը 2010 թ. գարնանը Սերբիայում կներկայացնի Հայաստանը Skills@Work միջազգային մրցաշարում:

Մրցույթը տեւելու է մինչեւ 2009թ. սեպտեմբերի 20-ը: