11:05 | 08.07.09 | Նորություններ | 3596

Beeline համալսարանը ծրագրեր կիրականացնի հայ դպրոցականների եւ ուսանողների համար

Երեւան /Մեդիամաքս/. Անցած տարվա ընթացքում Հայաստանի Beeline համալսարանում ուսանել է շուրջ 4000 մարդ:

Հայաստանի Beeline համալսարանը «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի միասնական կրթական կենտրոնի հայաստանյան մասնաճյուղն է: Հայաստանի Beeline համալսարանում աշխատում է 19 մասնագետ, որոնցից շատերն ունեն միջազգային կարգի վկայականներ, հրավիրվում են նաեւ այլ փորձագետներ:

«Կորպորատիվ համալսարանի նպատակն է բացահայտել մեր աշխատակիցների ներուժը, նպաստել միասնական կորպորատիվ մշակույթի եւ արժեքների ստեղծմանը, ապահովել այնպիսի ուսուցում եւ զարգացում, որն անհրաժեշտ է բիզնես-արդյունքների հասնելու համար: Սա նոր երեւույթ է հայաստանյան բիզնեսում»,  - նշել է Հայաստանի Beeline համալսարանի ղեկավար Նանա Հովհաննիսյանը:

Առաջիկայում Beeline համալսարանը նախատեսում է դուրս գալ կորպորատիվ ուսուցման շրջանակներից` մի քանի ծրագիր իրականացնելով դպրոցականների եւ ուսանողների համար: Մասնավորապես, ավագ դասարանցիների համար անցկացվելիք բաց դասերի ընթացքում կներկայացվեն խոշոր ընկերությունների գործունեության որոշ սկզբունքներ, ձեռնարկության տարբեր ստորաբաժանումների գործառույթներ: