10:23 | 26.05.09 | Նորություններ | 4039

Բջջային օպերատորները Մեդիամաքսին շնորհավորել են 10-ամյակի կապակցությամբ

Երևան /Մեդիամաքս/. «Վիվասել-ՄՏՍ» բջջային օպերատորի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը Մեդիամաքսին շնորհավորել է 10-ամյակի կապակցությամբ:

«Վիվասել-ՄՏՍ»-ի համար` որպես ՀՀ առաջատար բջջային օպերատորի, տեղեկատվության արժեքը դրա օգտակարությունն է, արագությունը եւ ճշգրտությունը, ինչպես նաեւ պատասխանատվությունը: Բիզնես-նորությունները Հայաստանում արագ աճող հատվածն են, եւ Մեդիամաքսը այդ ոլորտի առաջամարտիկն է, ով օպերատիվ նորություններ է հաղորդում ֆինանսների, բիզնեսի եւ մրցակցության մասին: Մեդիամաքսի շնորհիվ ֆինանսական եւ գործարար ոլորտի ներկայացուցիչները տեղեկատվություն են ստանում հենց այն ձեւով, որը նրանց անհրաժեշտ է:

Բիզնես-նորությունների արհեստավարժ մատուցումը միայն առաջատար տեղեկատվական գործակալությունների տարբերիչ առանձնահատկությունն է, եւ Մեդիամաքսը չափանիշներ է սահմանում: Մեդիամաքսը մշտապես առաջնորդվել է նորարարություններին եւ տեղեկացնելու արվեստին իր հավատարմությամբ:

Մեդիամաքսը նաեւ օգնում է հայաստանյան ընկերություններին կապ հաստատել իրենց հաճախորդների հետ` կարեւոր նորություններ տարածելով ընկերությունների ռազմավարությունների, ապրանքատեսակների եւ ծառայությունների մասին` ստեղծելով եւ պահպանելով հաղորդակցության ուղիներ տնտեսվարող սուբյեկտների եւ նրանց ծառայությունների բազմաթիվ սպառողների միջեւ:

«Վիվասել-ՄՏՍ»-ի անունից անկեղծորեն հաջողություն են ցանկանում Մեդիամաքսի թիմին եւ գործակալությանը խնդրում եմ շարունակել հավատալ Հայաստանին` ի շահ մեր երկրի լավագույն ապագայի»,- ասվում է Ռալֆ Յիրիկյանի ուղերձում:

Մեդիամաքս գործակալությանը շնորհավորել է նաեւ «Վիմպելկոմ» ԲԲԸ ԱՊՀ երկրներում հասարակայնության հետ կապերի գծով ղեկավար Արտյոմ Մինաեւը.

«Մեդիամաքսը բարձր պրոֆեսիոնալիզմի օրինակ է իր գործունեության բոլոր ոլորտներում: Վստահ եմ, որ բոլորին դուր է գալիս կարդալ գործակալության նյութերը, որոնք չեն խեղաթյուրում իրականությունը եւ տեղեկատվությունը փոխանցում են հասկանալի եւ օբյեկտիվ ձեւով: Կցանկանայի նշել նաեւ Մեդիամաքսի ճկունությունը ԶԼՄ-ների մոնիտորինգի ոլորտում մեր ընկերության հետ փոխգործակցության ընթացքում. միշտ հաճելի է, երբ կապալառուն ընդառաջում է հաճախորդին եւ ոչ միայն ամբողջությամբ հաղթահարում է առաջադրված խնդիրները, այլեւ մշտապես ձգտում է օպտիմալացնել եւ բարելավել իր արտադրանքը»: