13:16 | 21.05.09 | Նորություններ | 3332

Բիզնեսի արդյունավետության բարձրացումը «ԱրմենՏելի» այս տարվա գլխավոր խնդիրն է

Երևան /Մեդիամաքս/. Ոչ դյուրին տնտեսական պայմաններում բիզնեսի արդյունավետության բարձրացումը «ԱրմենՏելի» այս տարվա գլխավոր խնդիրն է:

Ինչպես հայտնում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր Երեւանում ասել է «ՎիպելԿոմ» ԲԲԸ գործադիր փոխնախագահ Դմիտրիյ Պլեսկոնոսը, ելույթ ունենալով մամլո ասուլիսում, որին ԶԼՄ-ներին է ներկայացվել «ԱրմենՏել» ընկերության նորանշանակ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Դմիտրիյ Պլեսկոնոսը նշել է, որ ճգնաժամի պայմաններում կարող են որոշ մասով սահմանափակվել երկարատեւ ներդրումները, «սակայն բոլոր այն ներդրումները, որոնք օպերատիվ բիզնես արդյունավետություն են ենթադրում, կատարվելու են Հայաստանում ողջ ծավալով»: 

Նա ընդգծել է, որ ֆիքսված կապի թվայնացման մակարդակը Հայաստանում այսօր կազմում է 67%, «եւ դա շատ լուրջ ցուցանիշ է, որին հասնելու համար լուրջ ներդրումներ են կատարվել»: Դմիտրիյ Պլեսկոնոսը նկատել է նաեւ, որ ներդրումների եւ հասույթի հարաբերակցությունը «ԱրմենՏելում» ավելի բարձր է, քան ընդհանուր առմամբ «ՎիմպելԿոմ» խմբում:
 
«ՎիմպելԿոմ» ԲԲԸ փոխնախագահի խոսքերով, այսօր ընկերությունների խմբի առջեւ դրված են երեք հիմնական նպատակներ. գործառնությունների արդյունավետության բարձրացում, cash flow-ի ավելացում եւ պարտքերի վճարում: Դմիտրիյ Պլեսկոնոսը նշել է, որ խմբի բոլոր ակտիվները մասնակցելու են վերոնշյալ խնդիրների լուծմանը, սակայն դա չի նշանակում, թե առանձին ընկերություններ աշխատելու են «ի վնաս իրենց»:

Խոսելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի մասին` Պլեսկոնոսը ընդունել է, որ «մենք զիջում ենք մեր մրցակցին, դա օբյեկտիվ իրականություն է, եւ մենք աշխատելու ենք իրավիճակը փոխելու ուղղությամբ»:  

Անդրադառնալով բջջային կապի երրորդ օպերատորի` Orange Armenia-ի շուկա մոտակա մուտքին` «ՎիմպելԿոմ» ԲԲԸ փոխնախագահը ասել է, որ «մրցակցությունից մենք չենք վախենում», եւ հիշեցրել, որ ԱՊՀ շուկաներում «ՎիմպելԿոմը» հաջողությամբ մրցակցում է այնպիսի օպերատորների հետ, ինչպիսիք են TeliaSonera-ն, Telenor-ը եւ Turkcell-ը: Խոսելով Orange Armenia-ի զարգացման հեռանկարների մասին` Դմիտրիյ Պլեսկոնոսը նշել է, որ «լուրջ խաղացողները երկարատեւ խաղեր են խաղում», եւ կարծիք հայտնել, որ մի շարք հանգամանքների պատճառով նոր օպերատորի առաջխաղացումը շուկայում շատ արագընթաց չի լինի:

«Գլխավոր հանգամանքն այն է, որ Հայաստանի բնակչությունն այդքան մեծ չէ, եւ որպես երրորդ օպերատոր շուկա մտնելը հեշտ չէ, հատկապես եթե հաշվի առնենք բջջային կապի թափանցելիության ներկայիս բարձր մակարդակը», - ասել է Դմիտրիյ Պլեսկոնոսը: