16:33 | 02.03.18 | Նորություններ | 19463

ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Այլընտրանքային էներգիա»-ի շրջանակում եւս մեկ մանկապարտեզ է ջեռուցվում

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում ամփոփել են հերթական ծրագրի արդյունքները:

Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի «Հեքիաթ» թիվ 2 մանկապարտեզում տեղադրվել է արեւային ջրատաքացուցիչ։ Այն թույլ կտա մանկապարտեզի աշխատանքները կազմակերպել առավել հանգիստ եւ ապահովել սաների պարտաճանաչ հաճախելիություն՝ անկախ եղանակային պայմաններից:

Համակարգի գործարկմանը ներկա են գտնվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Նոյեմբերյանի թիվ 2 մանկապարտեզի տնօրեն Փառանձեմ Խանգելդյանը եւ քաղաքի բնակիչները։

«Ջեռուցման այն մեթոդները, որոնք կիրառվել են այս մանկապարտեզում մինչեւ այլընտրանքային էներգիայով առաջարկվող լուծումը, մեղմ ասած, հնացած են, ոչ արդյունավետ, վտանգավոր եւ անընդունելի: Հարյուր սան դաստիարակող կոլեկտիվի համար անչափ բարդ է երեխաների անվտանգությունն ապահովել տաք վառարանների մոտ: Ուրախ եմ, որ հաջողված գործընկերության եւ ճիշտ ընտրված ծրագրի արդյունքում, իրավիճակը փոխվել է: Ուզում եմ հավատալ, որ նոր հնարավորությունները ոչ միայն կթեթեւացնեն դաստիարակների հոգսը, այլեւ կնպաստեն առավել արդյունավետ աշխատանքին եւ ծնողների հանգստությանը»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մանկապարտեզն ունի մոտ 100 սան։ Նախկինում ջեռուցումն իրականացվել է գազի եւ փայտի վառարաններով: Ներկայում մանկապարտեզի ամբողջ տարածքը տաքացվում է բացառապես արեւային ջրատաքացուցիչի միջոցով՝ 40%-ով կրճատելով ջեռուցման համար նախկինում ծախսվող միջոցները: