11:21 | 23.02.18 | Նորություններ | 4243

Ներկայացվել է Հայաստանի թվային օրակարգ 2030-ի վերջնական տարբերակը

Վարչապետ Կարեն Կարապետյանին այսօր «Թվային Հայաստան» հիմնադրամի գրասենյակում ներկայացվել է «Հայաստանի թվային փոխակերպման օրակարգ 2030» շրջանակային փաստաթղթի վերջնական տարբերակը:

Հիմնադրամի տնօրեն Էդուարդ Ներսիսյանը նշել է, որ «թվային ցատկ» կոչվող առաջին փուլի շրջանակում նախատեսվում է իրականացնել ենթակառուցվածքների լայնածավալ զարգացմանը եւ կառավարման բոլոր ոլորտներում միասնական թվայնացման միջավայրի ձեւավորմանն ուղղված ծրագրեր:

Նա մանրամասներ է ներկայացրել պետական կառավարման համակարգերի միջեւ փոխգործելիության պլատֆորմի ձեւավորման, թվային ծառայություների մատուցման միասնական կենտրոնների ստեղծման, թվային վիճակագրության եւ այլ ուղղություններով նախատեսվող ծրագրերի վերաբերյալ, որոնց արդյունքում ակնկալվում է ադմինիստրատիվ ծախսերի նվազեցում, մատուցվող ծառայությունների թափանցիկության բարձրացում եւ այլն:

Վարչապետը կարեւորել է հիմնադրամի ակտիվ աշխատանքը՝ ընդգծելով, որ երկարաժամկետ ծրագրերին զուգահեռ, պետք է իրականացնել նաեւ արագ ու տեսանելի արդյունք տվող նախաձեռնություններ: