17:49 | 15.02.18 | Նորություններ | 6006

Հայաստանը Հնդկաստանում կմասնակցի WCIT-2018-ին

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը փետրվարի 15-ին ընդունել է ԻՏՁՄ (UITE) ներկայացուցիչներին` միության նախագահ Ալեքսանդր Եսայանի գլխավորությամբ:

Նախարարությունում նշել են, որ կողմերը քննարկել են փետրվարի 19-21-ը Հնդկաստանում անցկացվելիք «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին» (WCIT) Հայաստանի պատվիրակության մասնակցության մանրամասները:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են համաժողովում ներկայացվածության ձեւաչափին, քննարկել կազմակերպչական մի շարք հարցեր:

Վահան Մարտիրոսյանը, կարեւորելով WCIT 2019-ի կազմակերպումը Հայաստանում, ընդգծեց, որ ՏՏ համաշխարհային համաժողովի անցկացումը կնպաստի Հայաստանի` որպես տեխնոլոգիական զարգացած երկրի, վարկանիշի հաստատմանն ու միջազգային նոր կապեր ձեռք բերելուն։

WCIT-ն տեխնոլոգիական ոլորտի կարեւորագույն միջոցառումներից է, որին մասնակցում են համաշխարհային ՏՏ ոլորտի 2-3 հազար առաջատարներ` շուրջ 100 երկրներից։