13:42 | 02.02.18 | Նորություններ | 4613

Թվային վերափոխումն այլընտրանք չունի, ասել է վարչապետը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ թվային վերափոխումը ոչ միայն քայլ է դեպի տեխնոլոգիական առաջընթաց, այլեւ միակ հնարավորությունն է՝ կարճ ժամանակահատվածում դառնալու արդյունավետ կառավարմամբ եւ տնտեսությամբ երկիր, ու այստեղ այլընտրանքներ չկան:

Այս մասին վարչապետը նշել է Ալմաթիում կայացած «Թվային օրակարգը գլոբալիզացիայի դարաշրջանում» համաժողովում:

«Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն ակտիվ զարգանում է: Վերջին տարիներին այս բնագավառում մենք տարեկան ունենում ենք շուրջ 25% աճ: Մենք դեռ չենք ամփոփել անցյալ տարվա արդյունքները, բայց ակնկալում ենք մոտ 28-30% աճ»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Անդրադառնալով Հայաստանի թվային օրակարգին՝ վարչապետն ասել է, որ ներկայում թվային արագընթաց առաջխաղացումն իրականացվում է թվային փոխակերպման 6 հիմնական ուղղություններով՝

-  կառավարություն
- թվային հմտություններ
- ենթակառուցվածք
- կիբերանվտանգություն
- մասնավոր հատված
- ինստիտուցիոնալ հիմքեր:

«Ազգային թվային օրակարգի առաջխաղացման արդյունավետ համակարգման նպատակով Հայաստանի կառավարությունը 2017թ. հիմնել է «Թվային Հայաստան» հիմնադրամը, մշակվել է «Հայաստանի թվային փոխակերպման օրակարգ  2018-2030 թթ.» զարգացման ծրագիրը: Թվային օրակարգի համաձայն՝ մինչեւ 2030թ. «պետություն-բիզնես» ծառայությունների գծով մտադիր ենք հասնել 100-տոկոսանոց ցուցանիշի եւ 80-տոկոսանոց թվային փոխգործակցության «պետություն-բիզնես» ծառայությունների գծով»,- հայտարարել է Կարեն Կարապետյանը: