16:44 | 17.01.18 | Նորություններ | 5681

Ամփոփվել են ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի մրցանակաբաշխության 8 տարիները

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար» մրցանակաբաշխության կազմակերպիչների հետ:

Նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման մասնակիցները նշել են, որ հասել են մրցանակաբաշխության հիմքում դրված հիմնական նպատակներին. անցած ութ տարիներին Հայաստան են այցելել ՏՏ ոլորտի զարգացման գործում աշխարհում բացառիկ ներդրում ունեցած եւ մեծ հեղինակություն վայելող ութ մրցանակակիրներ, որոնք ընտրվել են մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովի կողմից:

Մրցանակաբաշխության կազմակերպիչներն արձանագրել են, որ Հայաստան այցելած մրցանակակիրները երկրից հեռացել են մեծ տպավորություններով, նրանցից ոմանք՝ կրկին վերադառնալու ցանկությամբ, իսկ երեքը շարունակել են համագործակցությունը եւ գործնական քայլերով ամրապնդել Հայաստանի հետ կապը:

Մասնավորապես, Cisco ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացցոլան մեծ գումար է նվիրաբերել Հայաստանի ամերիկյան համալսարանին, «Կասպերսկու լաբորատորիայի» գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին համագործակցության հուշագիր է ստորագրել Հայ-ռուսական համալսարանի հետ՝ մագիստրատուրայի նոր ծրագիր բացելու եւ լաբորատորիայի հետ համալսարանի համագործակցությունը զարգացնելու նպատակով, իսկ Hitachi ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն այցի տպավորությունների ներքո գիրք է հրատարակել՝ «Հայաստանը՝ որպես նորարարական երկիր» վերնագրով:

Հանդիպմանը մասնակիցները քննարկել են նաեւ ՏՏ ոլորտի զարգացման վերջին տարիների հիմնական միտումները, մարտահրավերներն ու ոլորտի ներուժը: