11:05 | 10.01.18 | Նորություններ | 6256

Հայաստանում առաջին անգամ անցկացվել է Geek Girls' Dinner

Հունվարի 7-ին Հայաստանի ՏՏ ոլորտում ներգրավված կանայք եւ աղջիկներն առաջին անգամ մասնակցել են թեմատիկ ընթրիքի՝ Geek Girls' Dinner-ի, որը նախաձեռնել էր Girls in Tech համաշխարհային ցանցի հայկական մասնաճյուղը:

ՏՏ ոլորտի թեմատիկ ընթրիքի ձեւաչափը տարածված է հատկապես Սիլիկոնյան հովտում, որտեղ հենց կանայք հաճախ հանդիպում են ընթրիքի շուրջ, կիսում իրենց մտքերն ու հանդես գալիս նախաձեռնություններով:

Հայաստանում կանանց եւ աղջիկների առաջին ՏՏ ընթրիքի համար հրավիրվել էին 4 խոսնակներ, որոնք իրենց ոլորտի եւ մասնագիտության վերաբերյալ հատուկ զեկույցներ էին պատրաստել ՏՏ ոլորտի լրագրող Նարինե Դանեղյանը (Itel.am), Սան Ֆրանցիսկոյից հայրենադարձ եղած UI/UX դիզայներ Աստղիկ Փիլիպոսյանը, ՏՏ ոլորտում մարդկային ռեսուրսների մասնագետ Անի Մերուժանի Մարգարյանը եւ Կոպենհագենից հայրենադարձ, ավիացիայի ոլորտում բիզնես հարաբերությունների մասնագետ Տաթեւիկ Ռեւազյանը:

«Նմանատիպ ընթրիքները լավ առիթ են ոչ միայն նոր հարաբերությունների հաստատման եւ ամրապնդման համար, այլեւ հաճախ հիմք են դառնում նոր նախաձեռնությունների եւ գործընկերության համար: Բացի այդ, սա շատ լավ հնարավորություն է հաստատելու աշխարհի ավելի քան 60 մասնաճյուղ ունեցող մեր ցանցի՝ Girls in Tech-ի գլխավոր առաքելությունը, որն է՝ ընդլայնել կանանց տեղն ու դերը տեխնոլոգիաների, առաջնորդության եւ գործարարության մեջ»,- նշել է Girls in Tech Հայաստանի գործադիր տնօրեն Սեդա Պապոյանը:

Geek ընթրիքները Հայաստանում նախատեսվում է վերածել ամենամսյա միջոցառումների շարքի:

Ընթրիքը կայացել է առողջ սննդի Eat&Fit սրճարանում: