14:57 | 18.12.17 | Հարցազրույցներ | exclusive 110664

2019թ. Հայաստանը կհյուրընկալի ISTQB գլխավոր ասամբլեան

Հոկտեմբերին Բրյուսելում կայացել է Որակի ապահովման սերտիֆիկացիա տրամադրող համաշխարհային ընկերության (ISTQB) գլխավոր ասամբլեան, որի ժամանակ որոշվել է, որ 2019թ. ISTQB-ի գլխավոր ասամբլեան կանցկացվի Հայաստանում:

Itel.am-ը թեմայի շուրջ զրուցել է «Որակի ապահովման մասնագետների հայկական միության» եւ ISTQB–ի հայկական հարթակի (ArmSTQB) հիմնադիրներ Արթուր Մկրտչյանի եւ Արշակ Բալյանի հետ:

- Ի՞նչ կտա 2019թ. ISTQB գլխավոր ասամբլեան Հայաստանում անցկացնելը։
 
Արթուր Մկրտչյան - 2019թ. Հայաստանում կհյուրընկալվեն 100-ից ավելի միջազգային ճանաչում ունեցող առաջատար մասնագետներ։ Գլխավոր համաժողովին կնախորդեն տարածաշրջանում իրենց նախադեպը չունեցող կոնֆերանսներ, որոնք հայ մասնագետներին հնարավորություն կտան լինել այդ իրադարձությունների մի մասը։

Նման իրադարձությունները մեծ խթան կհանդիսանան Հայաստանում Որակի ապահովման մասնագիտության զարգացման համար։ Այս պահին սկսվել են նախապատրաստական աշխատանքները, եւ մոտ ապագայում ավելի հստակ կներկայացնենք այն բոլոր իրադարձությունները, որոնք կնախորդեն գլխավոր ասամբլեային։ Կոնֆերանսներն իրենց մակարդակով չեն զիջի միջազգային նմանատիպ իրադարձություններին:

Հաջորդ ոչ պակաս կարեւոր փաստն այն է, որ Հայաստանը հերթական անգամ կներկայանա աշխարհին որպես զարգացող ՏՏ էկոհամակարգ եւ ներուժ ունեցող երկիր։

- Որակի ապահովման (QA) ուղղությունում ի՞նչ զարգացումներ եք նկատում վերջին մեկ տարվա ընթացքում:

Արշակ Բալյան - Մասնագիտությունն ավելի ճանաչելի է դարձել եւ մեծացել է տվյալ ոլորտի մասնագետների պահանջը։

Եթե հետազոտենք հայկական կայքերը, որտեղ տեղադրվում են ՏՏ թափուր աշխատատեղերի հայտարարությունները, ապա պարբերաբար կհանդիպենք QA Engineer, Software Engineer in Test եւ նմանատիպ այլ հայտարարությունների, ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու մասնագետների համար։

Այս փաստի մասին է վկայում նաեւ անցկացվող դասընթացների պահանջարկի մեծացումը: Աճել է ե՛ւ դասընթացների պարբերականությունը, ե՛ւ մասնակիցների թիվը։ Նկատվում է նաեւ դրական աճ հայկական ՏՏ ընկերությունների հետաքրքրվածության՝ սեփական QA թիմերը ստեղծելու կամ զարգացնելու տեսանկյունից։

Արթուր Մկրտչյան - Այս համատեքստում մենք համագործակցում ենք մի շարք ընկերությունների հետ եւ փորձում ենք նրանց թափուր աշխատատեղերի համար առաջարկել բարձր ակտիվություն ցուցաբերած ուսանողներին։ Մեծացել է նաեւ ընկերությունների ուշադրությունը սեփական աշխատակիցների զարգացման եւ վերապատրաստման հարցում։ Դրա մասին է վկայում ISTQB միջազգային որակավորման քննությունների մասնակիցների աճը Հայաստանում։  

- Ի՞նչ այլ նորություններ ունի ArmSTQB-ն:

Արթուր Մկրտչյան - ArmSTQB-ի հիմնական նպատակը շարունակում է մնալ Որակի ապահովման մասնագիտության տարածումը, նոր մասնագետների պատրաստման հարթակների ստեղծումը, ինչպես նաեւ մասնագետների համար միջազգային որակավորում ստանալու հնարավորություն ապահովելը։

Այս դեկտեմբերից, բացի ISTQB Foundation Level որակավորման քննություններից, Հայաստանում արդեն հասանելի են ISTQB Advanced Level-ի բոլոր քննությունները, ինչպես նաեւ Agile Tester որակավորումը։

Արշակ Բալյան - 2018թ. ծրագրում ենք մեծացնել Հայաստանում անցկացվող դասընթացների աշխարհագրությունը։ Այս տարի Գյումրիում տեղական ընկերությունների աջակցությամբ հնարավորություն ունեցանք իրականացնել առաջին դասընթացը, որը կկրի շարունակական բնույթ: Ծրագրում ենք նաեւ նմանատիպ դասընթացներ անցկացնել նաեւ ՀՀ այլ քաղաքներում։

Ներկայում առաջիկա տարվա համար նախագծում ենք նոր տեսակի դասընթացներ, որոնց մասին ավելի ուշ կհայտարարենք։ Դասընթացները կլինեն ավելի երկարատեւ, հագեցած եւ հնարավորություն կտան մասնակիցներին մի քանի ամսում դառնալ մրցունակ մասնագետ հայաստանյան ՏՏ շուկայում։

Արթուր Մկրտչյանի եւ Արշակ Բալյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը