11:10 | 24.11.17 | Նորություններ | exclusive 7872

Դեկտեմբերի 9-ին կանցկացվի JavaScript Conference Yerevan-ը

Դեկտեմբերի 9-ին Հայաստանում առաջին անգամ կանցկացվի JavaScript Conference Yerevan-ը, որը կմիավորի ՏՏ ոլորտի բազմաթիվ մասնագետների ու սիրահարների, ինչպես նաեւ հաջողակ ՏՏ ընկերությունների Հայաստանից եւ արտերկրից:  

Մասնակցությունն անվճար է, սակայն հարկավոր է գրանցվել այստեղ: Միջոցառման հիմնական լեզուն հայերենն է, ծրագրում կլինեն նաեւ անգլերեն ելույթներ։

Հայաստանի ամերիկյան համալսարանում անցկացվելիք կոնֆերանսի նպատակն է նպաստել Հայաստանում JavaScript տեխնոլոգիայի օգտագործման տարածմանը, JS ծրագրավորողների մեծ համայնքի ձեւավորմանն ու այնպիսի հարթակի ստեղծմանը, որը հնարավորություն կտա կիսվել ունեցած գիտելիքներով այլ գործընկերների հետ։

Կոնֆերանսը կներառի ոչ միայն դասախոսություններ, այլեւ գործնական դասեր ու մասնագիտական մրցույթներ։ Խոսնակները կպատմեն JavaScript ծրագրավորման լեզվի նրբությունների, առավելությունների ու տարբեր կիրառությունների մասին, կկիսվեն իրենց գիտելիքներով ու հմտություններով։

ԱՄՆ-ում բնակվող React JS ծրագրավորող Էդգար Հարությունյանի (expo.io)՝ Հայաստանում նմանատիպ կոնֆերանս կազմակերպելու գաղափարը իրականություն են դարձրել ոլորտի մի քանի այլ մասնագետներ՝ Ալեքսանդր Ադամյանը (Simply Technologies, համահիմնադիր), Գեւորգ Հարությունյանը (ModularCode, հիմնադիր), Էդգար Մարուքյանը (RenderForest, տեխնիկական տնօրեն) եւ ծրագրավորող Ռուբեն Մեսչյանը։

Itel.am-ի հետ զրույցում Էդգար Մարուքյանը նշել է, որ JavaScript Conference Yerevan 2017-ը մասնակիցներին հնարավորություն է ընձեռելու ձեռք բերել նոր գիտելիքներ ու կապեր.

«Մեր նպատակն է սկսնակ ծրագրավորողներին ոգեւորել եւ ցույց տալ, թե որքան գիտելիք եւ փորձ կա կուտակված Հայաստանում, եւ թե ինչպես կարող են դառնալ այդ համայնքի մի մասը։ Ինչպես նաեւ գտնելու նոր աշխատանք, քանի որ մենք համագործակցում ենք նաեւ մեծ ՏՏ ընկերությունների հետ»։  

«ՏՏ ոլորտի ընկերությունների համար, որոնք ունեն համապատասխան մասնագետների կարիք, համաժողովը լավ հնարավորություն է հանդիպելու լավագույն մասնագետներին, լինելու նման մեծ իրադարձության կենտրոնում եւ տեղեկացնելու իրենց ընկերությունների թափուր աշխատատեղերի մասին թիրախային լսարանին»,- հավելել է Ալեքսանդր Ադամյանը։