13:00 | 17.11.17 | Նորություններ | 5401

Կառավարությունը մտադիր է տեխնոլոգիաները Երեւանից հասցնել հեռավոր մարզեր

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ «հետամուտ ենք լինելու բարձր տեխնոլոգիաները, նորարարությունը երկրի հեռավոր շրջաններ հասցնելուն»:

Այս մասին վարչապետն ասել է Գյումրիում «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովի բացմանը:

«Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, «Թումո» կենտրոնները, «Սմարթ կենտրոնի» հիմնադրումը Լոռիում հիանալի օրինակներ են,  որոնք թույլ են տալիս հավատալ, որ մենք ի վիճակի ենք բարձր տեխնոլոգիաները, նորարարությունը հասցնել մեր երկրի հեռավոր շրջաններ եւ մատչելի դարձնել մեր քաղաքացիներին՝ անկախ նրանից, թե ինչքան հեռու են նրանք ապրում մայրաքաղաքից: Մենք հետամուտ ենք լինելու, որ այս գործընթացը շարունակվի ավելի մեծ թափով, եւ պատրաստ ենք աջակցելու ցանկացած լավ, տրամաբանական նախաձեռնության»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիաների զարգացումն անմիջական կապ ունի ստրատեգիական նշանակություն ունեցող Թվային օրակարգի հետ, որը ձեւակերպելու եւ իրականացնելու համար «Թվային Հայաստան» հինադրամը եւ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնն աշխատում են միասին:

«Առանց թվային օրակարգի իրականացման անհնար է մեր երկրի, մեր տնտեսության զարգացումն ու առաջխաղացումը: Այն հնարավորություն է տալու ապահովել մեր երկրի մրցունակությունը, բարձրացնել պետական կառավարման համակարգի արդյունավետությունը եւ թափանցիկության մակարդակը, բարելավել բիզնես միջավայրը: Թվային օրակարգի զարգացման եւ իրականացման մեջ մեծ դեր կարող են խաղալ մեր տեխնոլոգիական կենտրոնները: Պետությունը չափազանց շահագրգռված է, ողջունում եւ քաջալերում է մեր տեխնոկենտրոնների մասնակցությունն այս գործընթացին»,- շեշտել է Կարեն Կարապետյանը:

Երկօրյա համաժողովին մասնակցում են բոլոր մարզերից 150 երիտասարդներ, որոնք հետաքրքրված են տեխնոլոգիական կրթությամբ, ճարտարագիտության, ծրագրավորման եւ նորարար ոլորտներով։