12:35 | 10.11.17 | Նորություններ | 20024

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ լուսավորվել են Ագարակաձորի փողոցները

ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում են գյուղերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգերի ներդրումը։

Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ագարակաձոր գյուղում ծրագրի առաջին փուլով տեղակայվել է 51 LED լուսարձակ՝ լուսավորելով 1785մ երկարությամբ տարածք:

«Համայնքների զարգացումը շարունակում է ռազմավարական նպատակ մնալ մեզ համար: Տարիների մեր գործակցության շրջանակում այդ ուղղությունը եղել ու մնում է թիրախավորված: Այս ծրագրերի հիմքում ոչ թե կարճաժամկետ աջակցությունն է, այլ գյուղն ու հողի մշակին երկրում ամուր պահելը: Իրականացված աշխատանքի ծավալն ու ներդրված գումարի չափը կարեւոր բաղադրիչներ են, սակայն կա ավելի կարեւոր նպատակ. լավ արարքներն ընդօրինակվելու սովորություն կարող են դառնալ: Գուցե դրա համար ժամանակ ու կամք է հարկավոր, բայց վստահ եմ, որ վաղվա սերունդը գնալու է այդ ճանապարհով»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Գյուղի փողոցները կլուսավորվեն ամռանը՝ 21:00-02:00-ը, իսկ ձմռանը՝ 18:00-01:00-ը: Տոնական օրերին լուսավորությունը կապահովվի նաեւ ամբողջ գիշեր: