10:40 | 24.10.17 | Նորություններ | 22458

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ լուսավորվել են Մարտիրոս գյուղի փողոցները

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործակցությամբ իրականացվող «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում, դեռեւս 2016թ. աշնանը Վայոց Ձորի Մարտիրոս գյուղում տեղակայվել էր 52 LED լուսարձակ:

Ընթացիկ տարում, ծրագրի երկրորդ փուլով, էներգախնայող արտաքին լուսավորության LED լուսարձակների թիվն ավելացել է եւս 38-ով, ինչի արդյունքում լուսավորվել է գյուղն ամբողջությամբ։

«Ժամանակի եւ հանգամանքների բերումով՝ մայրաքաղաքի եւ հատկապես սահմանամերձ գյուղերի զարգացման տեմպերի միջեւ մեծ տարբերություն է արձանագրվել: Դա խանգարում է երկրի համաչափ զարգացմանը: Գործընկեր կառույցի հետ՝ տարբեր ծրագրերով, տարիների մեր ջանքերն ուղղել ենք մարզերում ենթակառուցվածքների զարգացմանը: Ուրախ ենք արձանագրել, որ այս գյուղում եւս արտաքին լուսավորության խնդիրը հաղթահարվել է՝ ապահովելով բնակիչների անվտանգությունը: Դա ամենակարեւոր, սակայն միակ առավելությունը չէ. համայնքում Էներգախնայող համակարգի տնտեսական արդյունավետությունը կարող են գնահատել առաջիկայում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Լուսատուները գյուղի փողոցները կլուսավորեն ամռանը 21:00-ից մինչեւ 00:00-ը, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչեւ 23:00-ը: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր: