17:11 | 23.10.17 | Նորություններ | 23957

Մեկնարկել է «Երեւան՝ խելացի քաղաք» ծրագիրը

Երեւանի քաղաքապետարանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունն այսօր կնքել են համագործակցության հուշագիր, որի շրջանակում կաջակցեն «Երեւան` խելացի քաղաք» ռազմավարական ծրագրի իրագործմանը:

Երեւանի քաղաքապետարանը կկազմակերպի կարճաժամկետ եւ երկարաժամկետ միջոցառումներ, որոնք կնպաստեն քաղաքային տնտեսության կառավարման բոլոր բնագավառներում առկա խնդիրների եւ առօրյա կենսագործունեության ապահովման նորարարական լուծումների մշակմանը։

ՎիվաՍել-ՄՏՍ-ը սոցիալական ներդրումների իր ծրագրով կաջակցի նախագծով նախատեսված համատեղ ծրագրերի իրականացմանը, որոնք նորարարական լուծումների վրա հիմնված ենթակառուցվածքների ստեղծմամբ կնպաստեն Երեւանի հետագա զարգացմանը։

«Ժամանակակից քաղաքն անհնար է պատկերացնել առանց արդի տեխնոլոգիական լուծումների վրա հիմնված ենթակառուցվածքի: Դժվար է գերագնահատել տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների դերը քաղաքային տնտեսության զարգացման գործում: Այդ տեխնոլոգիաները պետք է ծառայեն քաղաքի բնակիչներին՝ ապահովելով առավել հարմարավետ պայմաններ»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը, իր հերթին, պատրաստակամություն է հայտնել մասնակցել ծրագրի մշակման եւ իրականացման աշխատանքներին: