15:25 | 12.10.17 | Նորություններ | 5875

Facebook-ը նոր անլար VR սաղավարտ է ներկայացրել

Նախօրեին Սան Խոսե քաղաքում Facebook-ը ներկայացրել է վիրտուալ իրականության Oculus Go սաղավարտը, որն աշխատում է առանց սմարթֆոնին կամ համակարգչին լարային միացման:

Սաղավարտը վաճառքում կհայտնվի 2018թ. եւ կարժենա $199:

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ Oculus Go-ն կդառնա ամենահասանելի VR սաղավարտը: Նա նաեւ պատմել է իր հավակնոտ նպատակի մասին՝ վիրտուալ իրականությունը հասանելի դարձնել 1 միլիարդ մարդու:  

Սաղավարտի հետ միասին կտրամադրվեն նաեւ ականջակալներ: Այն կունենա նաեւ Gear VR հավելվածների գրադարանից օգտվելու հնարավորություն: Սարքը զինված է նոր լինզաներով, որոնք առավել որակյալ են, քան Facebook-ի առաջին VR սաղավարտինը՝ Oculus Rift-ինը: Վերջինս նորմալ աշխատանքի համար նաեւ պահանջում է հզոր համակարգիչ, լարերով մի շարք միացումներ եւ ավելի շատ տարածված է խաղերի սիրահարների շրջանում:

Համեմատության համար նշենք, որ Oculus Rift-ն այսօր արժե $499, իսկ Samsung Gear VR-ը՝ $129:

Այսօր VR սարքերի մեծ մասը պահանջում է լարի միջոցով միացում համակարգչին կամ սմարթֆոնին, ինչը ոլորտի մասնագետների մի մասի կարծիքով, արգելակում է VR-ի զարգացումը: