16:34 | 05.10.17 | Նորություններ | 5742

Google-ը ներկայացրել է մի շարք նորույթներ

Google-ը Սան Ֆրանցիսկոյում նախօրեին կայացած միջոցառմանը ներկայացրել է մի շարք նորություններ:

Pixel 2 եւ Pixel 2 XL սմարթֆոններ

Նոր սմարթֆոններն առաջին հերթին տարբերվում են չափերով: Pixel 2-ի անկյունագիծը 5 դյույմ է, Pixel 2 XL-ինը՝ 6 դյույմ:

Pixel 2-ը հասանելի է 3 գույնով՝ երկնագույն, սեւ եւ մաքուր սպիտակ, իսկ Pixel 2 XL-ը՝ երկու գույնով՝ սեւ եւ նորաձեւ սեւ-սպիտակ:  

Երկու սմարթֆոնների տեսախցիկն էլ 12.2 մեգեպիքսել է, հիշողությունը՝ 64 եւ 128 ԳԲ: Ունեն անսահմանափակ ամպային պահոց՝ մուլտիմեդիա ֆայլերի համար:



Pixel 2-ի գինը սկսվում է $645-ից, իսկ Pixel 2 XL-ինը՝ $849-ից:

Pixelbook

Chrome OS-ով աշխատող նոր նոութբուքը 2-ը 1-ում սարք է՝ նոութբուք եւ պլանշետ: Նոութբուքի ծածկույթը կարող է շրջվել 360 աստիճանով: Նոր Pixelbook-ը կշռում է 1,1 կգ, հաստությունը 10,3 մմ է: Էկրանի անկյունագիծը 12,3 դյույմ է:



Գինը սկսում է $999-ից: Նոութբուքի հետ միասին ներկայացվել է Pixel Pen փետուրը, որի առանձին արժեքը $99 է:

Pixel Buds

Google-ը նաեւ ներկայացրել է Pixel Buds առաջին անլար ականջակալները, որոնք աշխատում են Google օգնականի եւ ձայնային թարգմանիչի հետ: Մեկ լիցքավորմամբ ականջակալները կարող են 5 ժամ շարունակ երաժշտություն հնչեցնել: Դրանք պահվում են հատուկ տուփում՝ լրացուցիչ մարտկոցի հետ, որը նրանց աշխատանքը երկարացնում է մինչեւ 24 ժամ: Գինը՝ $159:

Google Clips

Արհեստական բանականության տարրերով կոմպակտ տեսախցիկը նախատեսված է հատկապես երեխաներին եւ կենդանիներին նկարահանելու համար: Այն համատեղելի է Pixel շարքի սմարթֆոնների հետ: Գինը սկսվում է $249-ից: