11:52 | 02.06.17 | Նորություններ | 9258

Dasaran-ի աջակցությամբ նկարչական մրցույթ է անցկացվել

Նախօրեին տեղի է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի եւ Dasaran կրթական ծրագրի կողմից համատեղ իրականացվող «Իմ ընկեր Ավգուստը» կրթական խաղի շնորհանդեսը եւ «Ճանաչի՛ր ինձ իմ ունակություններով» նկարչական մրցույթի մրցանակաբաշխությունը:

Միջոցառումն անցկացվել է Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակում:

Կրթական խաղն ու նկարչական մրցույթը նպատակաուղղված են հանրակրթական դպրոցներում սովորող հաշմանդամություն ունեցող եւ չունեցող աշակերտների շրջանում ներառման եւ հանդուրժողականության միջավայրի, ինչպես նաեւ կրթական հավասար հնարավորություններ ունենալու գաղափարի տարածմանն ու ամրապնդմանը:

«Ճանաչի՛ր ինձ իմ ունակություններով» նկարչական մրցույթը միավորել է Հայաստանի՝ Dasaran կրթական ծրագրի էլեկտրոնային միջավայրին միացած 1347 հանրակրթական դպրոցների 2-12-րդ դասարանի աշակերտներին: Մրցույթի շրջանակում աշակերտները ստեղծագործել են «Մենք տարբեր ենք, բայց մենք ընկերներ ենք», «Ապրել ենք սովորում բոլորս միասին», «Կրթությունը բոլորիս համար. մենք կարող ենք միասին» թեմաների շուրջ: Շուրջ 100 մասնակից աշակերտ պարգեւատրվել է արժեքավոր եւ խրախուսական մրցանակներով:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայն ընդգծել է, որ պետք է անել ամեն ինչ՝ ստեղծելու առանց սահմանափակումների միջավայր, որտեղ կբացահայտվի յուրաքանչյուր երեխայի տաղանդը՝ անկախ հաշմանդամություն ունենալու հանգամանքից:

«Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Dasaran կրթական ծրագրին այս նախաձեռնության համար: Նման գաղափարները նպաստում են, որպեսզի բոլոր երեխաները հնարավորություն ստանան իրենց ներդրումն ունենալ ապագայի կերտման գործում»,- նշել է ԱՄՆ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրը:

Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանն էլ ասել է, որ բոլոր երեխաները, ներառյալ հաշմանդամություն ունեցողները, ունեն ինքնաարտահայտման եւ ինքնադրսեւորման իրավունք՝ առանց որեւէ խտրականության, ինչն էլ փորձում է ապահովել Dasaran հարթակը: