14:48 | 18.05.17 | Նորություններ | 3501

Երեւանի թանգարաններն ընդգրկվել են izi.TRAVEL հարթակում

Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող թանգարանները, ինչպես նաեւ Երեւանի կենդանաբանական այգին izi.TRAVEL միջազգային հարթակում այսուհետ կունենան եռալեզու աուդիոգիդ ծրագիր:  

Հարթակում եւ նույնանուն հավելվածում ներկայացված են աշխարհի տարբեր երկրների 4000-ից ավելի թանգարանային եւ քաղաքային աուդիոտուրեր:

Երեւանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի նախաձեռնությամբ ծրագրի ներմուծումը հնարավորություն կտա զբոսաշրջիկներին եւ համաքաղաքացիներին ծանոթանալու թանգարանների պատմությանը, ցուցադրվող նմուշներին եւ ինքնուրույն կազմակերպելու աուդիոտուր քաղաքի մի շարք տեսարժան վայրերում:

«Ներկայում զբոսաշրջիկների համար մշակված բազմաթիվ հավելվածների օգտագործումը լայն տարածում է ստացել աշխարհի շատ երկրներում: Հաշվի առնելով այդ փաստը՝ Թանգարանների միջազգային օրվա առթիվ նախաձեռնեցինք համայնքային թանգարանների մասին եռալեզու տեղեկատվությամբ աուդիոգիդ ծրագրի մշակում եւ ներդրում iziTRAVEL հարթակում: Ուրախ ենք, որ արդյունավետ համագործակցության շրջանակում համայնքային մեր թանգարանները եւս միացան ծրագրին: Եվ այսօրվանից արդեն այս ծառայությունը հասանելի է ինչպես համաքաղաքացիների, այնպես էլ զբոսաշրջիկների համար», նշել է Երեւանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գեւորգ Օրբելյանը:

Մայիսի 20-ին՝ «Թանգարանային գիշեր» ակցիայի շրջանակում, Երեւանի պատմության թանգարանում տեղի կունենա ծրագրի մանրամասն ներկայացումը: Մուտքն ազատ է: