10:13 | 17.05.17 | Հարցազրույցներ | exclusive 140322

Ռոնալդ Բինկոֆսկի. Հայաստանում նորարարության «ծարավ» կա

Microsoft-ի ԱՊՀ տարածաշրջանային գրասենյակի նորանշանակ ղեկավար Ռոնալդ Բինկոֆսկին անցած ամիս ճանաչողական այցով Երեւանում էր:

2013-2017 թթ. նա ղեկավարել է Microsoft-ի Լեհաստանի գրասենյակը, մինչ այդ՝ 2,5 տարի՝ Ռումինիայի գրասենյակը: Ռոնալդ Բինկոֆսկին մասնագիտացած է բիզնեսի կառավարման, վաճառքի, մարքեթինգի ուղղություններում:

Itel.am-ը զրուցել է Ռոնալդ Բինկոֆսկիի հետ:

- Առաջին անգամ եք Հայաստան այցելում: Որքանո՞վ էիք տեղեկացված հայկական ՏՏ ոլորտի զարգացումներից:

-Մի քանի հիմնական բան գիտեի: Առաջինը, որ գոյություն ունի վառ արտահայտված ՏՏ համայնք: Գիտեմ, որ Հայաստանում նորարարությունների «ծարավ» կա, տեղյակ եմ, որ մեծ թվով հայեր են ապրում երկրից դուրս եւ դրա շնորհիվ գիտելիքի ու փորձի վիթխարի փոխանակում է տեղի ունենում:

Հայաստանում հիանալի նախաձեռնություններ են իրականացվում: Ես դրանք կարող եմ դիտարկել Microsoft-ի տեսանկյունից՝ մենք երիտասարդներին տրամադրում ենք տեխնոլոգիա, նրանք ստեղծում են ընկերություններ: Կառավարությունն իր հերթին լավ մոդել է ներկայացրել, որը մոտիվացնում է երիտասարդ ընկերություններին առաջ գնալ:

Այսօր Microsoft-ը Հայաստանում աշխատում է տեղական էկոհամակարգի զարգացմանն աջակցելու ուղղությամբ: Աջակցում ենք այն ընկերություններին, որոնք մշակում են հաճախորդներին ուղղված լուծումներ՝ Microsoft-ի տեխնոլոգիաների օգնությամբ:

-Բազմաթիվ հայ ծրագրավորողների երազանքն է աշխատել Microsoft-ում: Ունե՞ք նրանց ուղղված որոշակի խորհուրդներ:

- Կարծում եմ՝ լավագույն տարբերակը մեզ հետ շփվելն է: Առաջին հերթին, պետք է իրազեկված լինեն մեր տեխնոլոգիաներից, ցույց տան հետաքրքրվածություն: Մենք սովորաբար ունենում ենք պրակտիկաներ, փնտրում ենք նորավարտ մասնագետների, տաղանդների:

Կարող եք սկսել նաեւ մեր գործընկերների հետ համագործակցությունից, եւ վաղ թե ուշ կստանաք ձեր հնարավորությունը:

Կարծում եմ՝ այսօր աշխարհում երիտասարդները պետք է երկու կարեւոր հանգամանք հաշվի առնեն: Տեխնոլոգիական տեսանկյունից հարկավոր է շատ կրթված լինել, քանի որ տեխնոլոգիան արդեն դառնում է կյանքի անբաժանելի մասը: Երկրորդը՝ պետք է բաց լինել աշխարհի, բազմազան մշակույթների նկատմամբ: Երիտասարդները պետք է ցատկեր կատարեն իրենց զարգացման քայլերում եւ միաժամանակ փորձեն սովորել ուրիշներից՝ առանց վախենալու ստեղծելով սեփական բրենդը:  

Այսօր աշխարհն արագ առաջ գնալու բազմաթիվ հնարավորություններ է տալիս:

-Տարիներ առաջ Դուք հիմնադրել եք Ձեր սեփական ստարտափը, ինչպես նաեւ բազմաթիվ ստարտափների խորհրդատվություն եք տրամադրել: Ի՞նչ խորհուրդ կտայիք հայաստանյան ստարտափներին:

- Առաջին հերթին, մի՛ փորձեք ամեն ինչ ինքներդ հնարել, այլ փորձեք հետեւել, թե ինչ կա արդեն արված, վերցրե՛ք դա, համապատասխանեցրե՛ք ձեր պահանջներին եւ ավելի զարգացրեք: Իհարկե, ձեր նորարարությունը եւս կատարեք, բայց մի՛ փորձեք հեծանիվ հորինել:

Արա՛գ փորձարկեք ձեր գաղափարները, արագ աշխատեք հաճախորդների հետ, ձախողեք, արագ ձախողեք, բարելավեք ձեր տեխնոլոգիան եւ ապա նորից նայեք, թե ուրիշներն ինչ են անում, վերցրեք նրանց գաղափարները, մի՛ փորձեք լինել ամենանորարար մարդը:
 
Փորձարկե՛ք ձեր գաղափարները լոկալ շուկայում: Հզոր ստարտափ էկոհամակարգ ունենալու համար նաեւ համապատասխան տնտեսական միջավայր է անհրաժեշտ, որտեղ ստարտափները կարող են փորձարկել եւ իրականացնել իրենց գաղափարները: Այնպես որ, ստարտափ էկոհամակարգի զարգացումը պետք է ընթանա երկրի տնտեսական զարգացմանը զուգահեռ:

Այս այցի ընթացքում ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ իմ հանդիպումները ցույց տվեցին, որ դա նաեւ նրանց օրակարգի կարեւոր մաս է: Եվ ես ուրախ եմ, որ Microsoft-ը կարող է իր լուման ունենալ այդ հարցում:

Ռոնալդ Բինկոֆսկիի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը