10:38 | 15.05.17 | Նորություններ | 3366

9 փաստ՝ ԻՏՁՄ նոր ռազմավարության մասին

Երեւանում ապրիլի 19-ին կայացած Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 17-րդ տարեկան համագումարի շրջանակում ընդունվել էր ԻՏՁՄ 2017-2021 թթ. նոր ռազմավարությունը:

Itel.am-ը ծանոթացել է նոր ռազմավարությանը եւ առանձնացրել 9 կարեւոր փաստ:

1. ԻՏՁՄ-ն ակնկալում է 2021թ. ունենալ ինքնաբավ ֆինանսավորվող ՏՏ ոլորտ: Միությունը կնախաձեռնի եւ կստեղծի ՏՏ ոլորտում շրջանառվող արտարժույթի փոխանակման ծախսը օպտիմիզացնող կառույց, որտեղ գոյացած շահույթը ուղղորդվելու է ՏՏ կրթության զարգացման ծրագրերին:

2. 2021թ. բարձր տեխնոլոգիական տեղական լուծումներով հագեցած բանակում բարձր տեխնոլոգիական լուծումները կկրճատեն առաջնագծի խրամատներում եղած զինվորների թիվը 60%-ով: Սահմանում օգտագործվող խոցող միջոցների 50%-ը կլինի հեռակառավարվող: Տեխնոլոգիական ընկերությունները կկազմեն ռազմարդյունաբերական համալիրի կարեւորագույն մասը:

Ոլորտի ընկերությունների մոտ 30%-ը ներգրավված կլինի տարբեր միջոցառումներում (տեխնոլոգիական զենքերի կիրառում, մարտական պատրաստվածություն, ռազմարվեստ): Կգործեն կայուն մեխանիզմներ ոլորտի անխափան աշխատանքը պահպանելու համար, իրավիճակի սրման, մոբիլիզացիայի եւ պատերազմի ժամանակ:

3. 2021թ. ՏՀՏ ոլորտ մուտք կգործի տարեկան 12 հազ. որակյալ սկսնակ մասնագետ: Դրանցից 7000-ը կունենա որակյալ մասնագիտական կրթություն,  3000-ը՝ բակալավրի կրթություն, եւս 2000-ը տարեկան կվերապատրաստվի ոչ-պաշտոնական կրթական ծրագրերի միջոցով: Առաջատար կլինեն սեփական արտադրանք ստեղծող ընկերությունները՝ գիտահետազոտական արտադրական՝ 30%, որակի վերահսկում եւ ձեւավորում՝ 30%, շուկա, վաճառք, առաջխաղացում, վերլուծություն, ռազմավարություն՝ 40%: Յուրաքանչյուր մարզում կգործեն որակյալ մասնագիտական կրթական հաստատություններ, որոնք կապահովեն վերոնշյալ 7000 մասնագիտական կրթությամբ շրջանավարտներին։

4. Հանրակրթական բոլոր դպրոցներում կգործեն ճարտարագիտական կրթական աշխատանոցներ, որոնցից առնվազն 70%-ը հնարավոր կլինի համարել կայացած: Դրա շնորհիվ տարեկան առնվազն 10 հազ. երեխա կընտրի բնագիտական, ճարտարագիտական ուղղությունը ավագ դպրոցում կամ միջին մասնագիտական կրթօջախներում։

5. Ոլորտի շրջանառությունը տարեկան կաճի առնվազն 40-45%-ով՝ ներկայիս 20% տարեկան աճի փոխարեն:


6. ԻՏՁՄ նախաձեռնությամբ ՀՀ-ում կգործի ՏՏ Վարկային միություն, որի հիմնական գործառույթը կլինի ՏՏ ոլորտի ընկերություններին եւ աշխատակիցներին Հայաստանում գործող բանկերի համեմատ առավել մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն ապահովումը:

7. ՀՀ օրենսդիր մարմնում կգործի ՏՏ կոմիտե, որի անդամ կլինի ԻՏՁՄ-ն:

8. ՏՏ ոլորտում կգործի Արբիտրաժ: ԻՏՁՄ-ն հիմնական գերատեսչությունների/ՀՀ ֆինանսների, կրթության եւ գիտության, տնտեսական զարգացման եւ ներդրումների, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, պաշտպանության նախարարությունների, պետական եկամուտների կոմիտեի եւ ազգային անվտանգության ծառայությունում ներկայություն կունենա:

9. 2021թ. նախատեսվում է ունենալ թափանցիկ, վերահսկելի եւ ճկուն պետական գնումների համակարգ, էլեկտրոնային կառավարման համակարգերի պետական ստանդարտներ եւ տեղական արտադրողի գերակայությունն ամրագրող բանաձեւ:

2018թ. դրությամբ eGovArmenia համընկերության աշխատանքային խումբը ՀՀ կառավարության եւ Ազգային ստանդարտների ինստիտուտի հետ համատեղ կստեղծի եւ օրենքով կամրագրի էլկառավարման համակարգերի պետական ստանդարտներ:

Նարինե Դանեղյան