16:54 | 12.05.17 | Նորություններ | 3529

Microsoft-ի հայաստանցի ուսուցիչ-փորձագետը Տորոնտոյում մասնակցել է E2 կոնֆերանսին

Microsoft-ի նորարար ուսուցիչ-փորձագետ Սոնա Մանուկյանը մասնակցել է Տորոնտոյում կայացած E2 կոնֆերանսին, որն ուղղված էր ուսումնական գործընթացում ՏՏ կիրառման հմտություններին տիրապետող ուսուցիչների միջեւ փորձի փոխանակմանը:

«Make What’s Next» («Ստեղծիր ապագան») խորագիրը կրող կոնֆերանսը բացել են Microsoft-ի ուսուցման գծով գլխավոր տնօրեն Մարկ Սիմենը եւ Կանադայի գիտության եւ նորարարության նախարար Ռեզա Մորիդին:

E2-ի ինտերակտիվ դասընթացի ժամանակ կոնֆերանսի մասնակիցները սովորել են Microsoft MakeCode նոր ծրագրի կիրառմամբ ստեղծել ծրագրեր: Microsoft-ի ներկայացուցիչները պատմել են նաեւ, թե ինչպես կարելի է վերափոխել Minecraft համակարգչային խաղը յուրահատուկ ուսումնական հարթակի, որը կմոտիվացնի եւ կոգեշնչի աշակերտներին հասնելու լավագույն արդյունքների, կօգնի զարգացնել նրանց տրամաբանական մտածողությունը եւ վերլուծական հմտությունները:

«Ուսուցիչները, ում Microsoft-ը ներառում է Նորարար ուսուցիչ (Microsoft Innovative Educator) խմբում, ցուցադրեցին, թե ինչպես շարժական եւ ամպային տեխնոլոգիաների դարում կարելի է որակապես բարելավել ուսումնական գործընթացը, դարձնել դպրոցական կրթությունն իրապես արդյունավետ, փոխանցել աշակերտներին կարողություններ եւ հմտություններ, որոնք ապագայում կօգնեն նրանց հասնել հսկայական հաջողությունների: Տեղեկատվական տեխնոլոգիաներն օգնում են ազատվել ամենօրյա միօրինակ թղթային աշխատանքից, սովորեցնել աշակերտներին աշխատել թիմով եւ կիրառել ժամանակակից ծրագրեր»,- նշել է Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչության ղեկավար Լիանա Կորկոտյանը:

«Մասնակցելով Microsoft-ի` ուսուցիչների համար նախատեսված ծրագրերին, իսկ այնուհետեւ նաեւ E2 միջազգային կոնֆերանսին, ես ստացա ուսումնական գործընթացում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման իմ հմտությունները ցուցադրելու , գործընկերներիս հետ  գիտելիքներով կիսվելու եւ աշխարհի տարբեր երկրների մասնագետների անգնահատելի փորձառությունը փոխառելու բացառիկ հնարավորություն: Ծրագիրը, որը ներկայացրեցի մրցույթին, կոչվում է «Նվիրեք մեզ թեւեր, եւ մենք կթռչենք»: Այն նվիրված է այն երեխաների հեռակա ուսուցմանը, ովքեր չեն կարողանում հաճախել դպրոց: Microsoft-ի ծրագրերի օգնությամբ հնարավոր եղավ հաջողությամբ իրականացնել այն»,- ասել է Սոնա Մանուկյանը: