12:29 | 05.05.17 | Նորություններ | 3347

Facebook-ն արդեն 1,9 մլրդ օգտատեր ունի

2017թ. առաջին եռամսյակում Facebook-ի օգտատերերի թիվն աճել է 17%-ով՝ հասնելով 1,94 մլրդի:

Ընկերության հրապարակած վիճակագրության համաձայն՝ 1,3 մլրդ օգտատեր Facebook մուտք է գործում յուրաքանչյուր օր: Համեմատության համար նշենք, որ 2016թ. վերջին Facebook-ի լսարանը կազմում էր 1,86 մլրդ մարդ, իսկ օրական սոցցանց մուտք էր գործում 1,23 մլրդ մարդ:

WhatsApp-ի ամսական ակտիվ օգտագործողների թիվը կազմում է 1,2 մլրդ, իսկ Instagram-ինը՝ 700 մլն: Messenger-ն իր հերթին ունի ամսական ունի 1,2 մլրդ օգտատեր:

«Մենք շատ ավելին պետք է անենք՝ գլոբալ համայնք ստեղծելու համար, որը կաշխատի բոլորի համար: Ինչպես արդեն նշել եմ, եւս 3000 աշխատակից կմիանա մեր համայնքին, որոնք կօգնեն ավելի արագ դիտարկել բողոքարկված գրառումները»,- ասել է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը՝ հավելելով, որ կեղծ լուրերի հայտնաբերման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

Facebook-ի հիմնադիրը նաեւ վիթխարի տեխնոլոգիական քայլ է որակել ապրիլին F8 ծրագրավորողների համաժողովի շրջանակում ընկերության կողմից ներկայացված վիրտուալ եւ լրացված իրականությանը վերաբերող երկու նորությունները՝ Camera Effects-ը եւ Facebook Spaces-ը:

«Մենք բացեցինք տեսախցիկը՝ այն դարձնելով լրացված իրականության առաջին մեյնսթրիմ հարթակը: Մենք ոգեւորված ենք վիրտուալ եւ լրացված իրականությունը առաջիկայում ձեզ ավելի մոտեցնելու հարցում»,- ասել է Մարկ Ցուկերբերգը: