11:48 | 04.05.17 | Նորություններ | 44644

Երեւանում քննարկել են ստարտափ էկոհամակարգի ֆինանսավորման հնարավորությունները

Երեկ Երեւանում կայացել է «Խթանելով նորարար աճը Հայաստանում. աջակցության եւ ֆինանսավորման հնարավորություններ ՓՄՁ-ների եւ ստարտափների համար» խորագրով միջոցառումը, որին մասնակցել է հանրային եւ մասնավոր հատվածի 100-ից ավելի ներկայացուցիչ:

Միջոցառումը կազմակերպվել է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է ԵՄ-ի եւ Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից եւ իրականացվում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ, GIZ) Հարավային Կովկասի մասնավոր հատվածի զարգացման ծրագրի շրջանակում: Միջոցառմանը մյուս կազմակերպիչը Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկն է (ՎԶԵԲ):

Քննարկվել են հայաստանյան ՓՄՁ-ների ֆինանսավորման հնարավորությունները՝ ներառյալ քրաուդֆանդինգը, վաղ շրջանի ներդրումները, դրամաշնորհները, վենչուրային ֆինանսավորումը եւ այլն, ինչպես նաեւ ստարտափ էկոհամակարգի ուժեղ եւ թույլ կողմերը:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանն իր խոսքում նշել է, որ ՓՄՁ-ները տնտեսական զարգացման հիմքն են, իսկ նորարարությունը ՓՄՁ զարգացումը խթանող շարժիչն է: Նրա խոսքով, ՓՄՁ-ների եւ նորարարության զարգացումը խթանելու համար հարկավոր են համապատասխան մեխանիզմներ, որոնք դեռեւս զարգացած չեն Հայաստանում:

Հայաստանում ԳՄՀԸ գրասենյակի ղեկավար Աննե Քեմփան ընդգծել է մասնավոր հատվածի զարգացման կարեւորությունը, ինչը կհանգեցնի տնտեսական զարգացման եւ կնպաստի աշխատատեղերի ավելացմանը:

«Սրան հասնելու համար հարկավոր են ներդրումներ, իսկ ֆինանսավորման ավանդական աղբյուրների, օրինակ, մասնավոր բանկերի դերը նվազում է: Հետեւաբար, հարկավոր են այլընտրանքներ՝ նոր տնտեսական սեկտորներ եւ թրենդներ զարգացնելու համար»,- նշել է Աննե Քեմփան:

ԵՄ համագործակցության բաժնի ղեկավար Հոա–Բին Աջեմյանի խոսքով, Հայաստանը ռազմավարական տարածաշրջան է, որտեղ ԵՄ-ն տարբեր սեկտորների տրամադրում է աջակցություն, որոնք միտված են տնտեսական կայունության եւ աճին: Դրանց թվում են նորարարությունը, կրթությունը, գիտությունը եւ ՏՀՏ-ն, համալսարանների հետ համագործակցությունը եւ այլն:

«Կարեւոր է, որ Հայաստանը դարձել է Horizon 2020-ի ասոցացված անդամ, ստանալով մուտք դեպի 70 մլրդ եվրո ֆինանսավորման հնարավորություններ՝ հետազոտությունների եւ զարգացման ծրագրերի իրականացման համար: ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի զարգացմանը՝ խթանելով նորարարությունը մասնավոր սեկտորի հետ համատեղ»,- ընդգծել է Հոա–Բին Աջեմյանը:

ՎԶԵԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսն էլ Հայաստանում ՓՄՁ-ների ֆինանսավորման հնարավորություններին նվիրված իր ելույթում նշել է, որ կարեւոր է ճիշտ իրականացնել հիմնական քայլերը: «Պետք է վաճառեք, որպես ՓՄՁ պետք է ստեղծեք դրամական հոսքեր»,- կոչով դիմել է նա ներկաներին:  
 
«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Եվա Նահերն իր հերթին ասել է, որ նորարարությունը ասոցացվում է խորդուբորդ ճանապարհի հետ, իսկ իրենց ծրագիրը աջակցում է ՓՄՁ-ներին որքան հնարավոր է հարթ անցնել այդ ճանապարհը: