11:56 | 28.04.17 | Նորություններ | 3221

Հայաստանն ու Էստոնիան կխորացնեն կապերը բարձր տեխնոլոգիաների ոլորտում

Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն ասել է, որ ԵՄ էստոնական նախագահության առաջնահերթություններից ելնելով՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայ-էստոնական համագործակցությունն առավել ինտենսիվ կդառնա:

ՀՀ դեսպանն այս մասին ասել է ապրիլի 27-ին Արեւելյան գործընկերության Էստոնիայի հատուկ պատվիրակ, Արեւելյան գործընկերության էստոնական կենտրոնի տնօրեն Յաան Ռեյնհոլդի հետ հանդիպման ժամանակ:

Տիգրան Մկրտչյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարության առաջնային ուղղություններից է Հայաստանում բարձր տեխնոլոգիաների կիրառման միջոցով առավել արդյունավետ կառավարման մոդելների կիրառումը եւ նշել, որ այս իմաստով էստոնական փորձը կիսելու պատրաստակամությունը ողջունելի է:

Յաան Ռեյնհոլդն իր հերթին տեղեկացրել է, որ տարվա ընթացքում կանցկացվեն նախարարական, լրատվական եւ քաղաքացիական հասարակության ֆորումներ, իսկ հոկտեմբերին կազմակերպվելիք Արեւելյան գործընկերության չորրորդ ֆորումն առավելապես կառնչվի բիզնես-բարձր տեխնոլոգիաներ կապին, թվային հասարակությանը, էլեկտրոնային կառավարմանը: