16:54 | 26.04.17 | Նորություններ | 41410

Չորս երկրում բացվել են Հայաստանի ՏՏ ներկայացուցչական գրասենյակներ

Armenian Science & Technology Center (ASTC) ծրագրի շրջանակում ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Բելգիայում ու Բոլիվիայում բացվել են Հայաստանի ՏՀՏ ոլորտի ներկայացուցչական գրասենյակներ:

Նախաձեռնությունն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության եւ «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության միջեւ փետրվարի 24-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում:

Նախարարությունում տեղեկացրել են, որ մայիսի 21-28-ը Հայաստան կժամանի առաջին պաշտոնական պատվիրակությունը Բոլիվիայից: Պատվիրակության ներկայացուցիչները հանդիպումներ կունենան հայաստանյան գործընկերների հետ` հուշագրեր ստորագրելու նպատակով:

Հանդիպումներ տեղի կունենան նաեւ TSD ընկերության հետ՝ հայկական հեռախոսների ու պլանշետների ներմուծման վերաբերյալ եւ ՏՏ ոլորտի մի շարք ընկերությունների հետ`ապրանքատեսականու ներմուծմանն առնչվող պայմանագրեր ստորագրելու, համագործակցության նոր նախաձեռնություններ քննարկելու համար:

TSD ընկերությունը մեկ ամսից ավելի է՝ ASTC ծրագիրը կազմակերպելու համար հավաքագրում է կամավորների, որոնք շաբաթական մի քանի անգամ մասնակցում են վերապատրաստման դասընթացների: Արդեն կազմավորված է 30 մասնագետից բաղկացած երկու խումբ, որոնցից կընտրվեն համապատասխան մասնագետներ՝ աշխատելու Հայաստանում եւ արտերկրում:

ASTC ծրագիրը նախատեսվում է ներդնել 17 երկրում: