15:41 | 20.04.17 | Նորություններ | 7364

Ալեքսանդր Եսայանը վերընտրվել է ԻՏՁՄ նախագահի պաշտոնում

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 17-րդ տարեկան համագումարի շրջանակում ԻՏՁՄ նախագահ է վերընտրվել Ալեքսանդր Եսայանը:

Այս տարի ընտրությունն առաջին անգամ իրականացվել է էլեկտրոնային համակարգի միջոցով:

«Աշխարհում տարեցտարի մեծանում է տաղանդների սովը, մասնավորապես անցյալ տարի միայն ՏՏ ոլորտի մասնագետների չբավարարված պահանջարկը ԱՄՆ-ում եւ Եվրոպայում կազմում էր 2 մլն: Ավելին՝ որոշակի ուղղություններում, օրինակ մեծ թվերի ոլորտում (Big Data) ԱՄՆ-ում համապատասխան ծրագրավորման հմտություններ ունեցող մաթեմատիկոսների պահանջը մոտ էր 400.000-ի: Այս ամենի եզրակացությունը մեկն է. ինչքան տեխնոլոգիապես գրագետ մարդ մենք պատրաստենք, այնքան ներգրավված կլինենք համաշխարհային տեխնոլոգիական աշխատանքի շուկայում: Այս ամենը հնարավոր է ոլորտը կոնսոլիդացնելու, ներքին արդյունավետ համագործակցություն կազմակերպելու, մեկտեղելու տեխնոլոգիական մասնավոր հատվածի, կրթական համակարգի, կառավարության եւ պետական կառույցների նպատակները, վերականգնելու համար Հայաստանը՝ որպես բարձր տեխնոլոգիական երկիր»,- նշել է ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը:

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն իր հերթին ընդգծել է, որ 2019 ՏՏ համաշխարհային կոնգրեսը (WCIT) հյուրընկալելուն զուգահեռ ծրագրում են ՀՀ բոլոր դպրոցներում հիմնել ինժեներական լաբորատորիաներ եւ այդպիսով աշխարհին ներկայանալ որպես միակ երկիր, որը նախնական ինժեներական կրթությունը սկսում է 10 տարեկանից:

2017-2021 թթ. ռազմավարության հիմնական օգտագործողները կլինեն միության անդամ շուրջ 80 կազմակերպությունները, ՏՀՏ եւ բարձր տեխնոլոգիական ընկերությունները, ՏՀՏ հետ կապված պետական, կրթական եւ հասարակական կառույցները: